Հայաստանից պատվիրակություն չի կարող մասնակցել Ալիևի նախաձեռնած այդ միջազգային շոուին՝ COP29-ին, եթե մենք դեռ Բաքվում ռազմագերիներ և պատանդառված անձինք ունենք․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«ՀՀ-ի մասնակցության հիմնական նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարևոր է Բաքվում բարձրաձայնեն խնդիրների մասին՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Եթե այս պահանջներից հրաժարվելով՝ ՀՀ-ն մասնակցում է, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսին, Արցախի էթնիկ զտումը և ապօրինությունները, այն որ հայ գերիները և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում են Բաքվում»,-ասաց նա։