fronttv.am-ը գրում է. Հայաստանին ծայրահեղ անհրաժեշտ է վերադարձնել կառավարման նախագահական ձեւը։ Երկրի ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի, նրա ապագայի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրինականությունն ու տնտեսության կայուն զարգացումը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Հայաստանի պես երկրում, որը միշտ կանգնած է թուրք-ադրբեջանական նոր ռազմական ագրեսիայի և անգամ ցեղասպանության վտանգի առջև անհրաժեշտ է ունենալ ուժեղ նախագահ, որը շարժվելու է ազգային, պետական շահերով, այլ ոչ թե կուսակցական շահերով և չի ունենա մեծ կախվածություն ԱԺ-ում ներկայացված տարբեր խմբավորումներից։ Խորհրդարանական կառավարման պարագայում ՀՀ ԱԺ-ում կարող են հայտնվել տարբեր գերտերությունների շահերը սպասարկող խմբեր, ինչպես դա եղավ 2018թ․-ին, երբ Արևմուտքի և թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող ՔՊ-ն դարձավ ԱԺ-ում մեծամասնություն և սկսեց իր կամքը թելադրել ողջ հասարակությանը։
Նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար պետք է բանակի վերազինումն ու մարտունակության բարձրացումը վերցնի անմիջապես իր հսկողության ներքո՝ամեն օր զբաղվի բանակի խնդիրներով, իսկ չարաշահումներ թույլ տված ուժայինները պետք է ենթարկվեն խիստ քրեական պատասխանատվության։ Նախագահական կառավարման պարագայում անհրաժեշտ է ունենալ նաև ուժեղ, կառուցողական, պետականության ամրապնդման համար պայքարող ընդդիմություն, որը կհսկի իշխանության գործողություններն ու թույլ չի տա չարաշահումներ բոլոր օղակներում։
Տնտեսական կայուն զարգացումն ու հայկական Սփյուռքից ներդրումները պետք է դառնան այն «ճանապարհային քարտեզը», որը թույլ կտա հայկական տնտեսությունը դարձնել մրցունակ։ Փաշինյանի օրոք ՀՀ արտաքին պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի՝սա ՔՊ-ի դիլետանտ կառավարման լավագույն ցուցիչն է։
Ուժեղ նախագահ, հզոր բանակ և կայուն տնտեսություն՝սրանք այն երեք հենասյուններն են, որոնք ապագայում թույլ կտան Հայաստանին ամրապնդել պետականությունն ու ՔՊ-ի թողած փլատակներից ոտքի հանել Հայաստանն ու քայլեր ձեռնարկել Արցախի վերադարձի համար։