Առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, ըստ էության, առաջին անգամ է, որ մենք բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, որն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, վիճակագրություն։
Արդեն մեկ տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ մենք երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա, կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ է ի հայտ բերում հաստատված խաղաղությունը. «Մասնավորապես, նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, նշանակում է Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, համապատասխան քայլեր անի։
Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է՝ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Սա ընդգծում եմ, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույնկերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։




