ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. «Հետք»

«Հետք»-ը գրել է.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:

2018թ. իշխանափոխությունից հետո՝ հունիսի 14-ին, Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանն ազատվեց աշխատանքից: Ամիսներ անց՝ նույն տարվա օգոստոսի 27-ին նա նշանակվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու և Անուբաղ Համբարյանի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրաման արձակեց, որի համաձայն էլ լուծվեց պայմանագիրը։

Ռոմանոս Պետրոսյանի հրամանում հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագիրը: Երկու փաստաթղթերն են վերաբերել են ընդհանրական խախտումների։

Անուբաղ Համբարյանը 2025թ. դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Ռոմանոս Պետրոսյանի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով:

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա. Համբարյանը, զբաղեցնելով գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը, առանց իրավական հիմքի ենթադրել է, որ իր աշխատավայրը ոչ թե ընկերության գլխամասի և գլխավոր տնօրենի (այդ թվում՝ ժամանակավոր կառավարչի) գտնվելու վայրի հասցեն է (ք. Երևան), այլ ընկերության «Դեբետ» մասնաճյուղի գլխամասային մասնաշենքի (ք. Վանաձոր) հասցեն: Առանց որևէ գործողություն կատարելու ստացել և, ըստ ՀԷՑ-ի, անհիմն սպառել է ամսական 300 լիտր բենզին՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Դատարանը գտել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը պետք է ոչ թե աշխատողին հնարավորություն տա «ենթադրելու» կամ «կռահելու» տվյալ ակտի ընդունման փաստական հիմքը, այլ պարունակի հստակ տեղեկություններ տվյալ ակտն ընդունելու պատճառների մասին։

Դատարանն արձանագրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշումն անհատական իրավական ակտ է և վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելուն: Այդ որոշման 8-րդ կետով արձանագրված խախտումներն ընդհանրական են և չեն վերաբերում կոնկրետ անձանց գործողություններին։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշման համաձայն՝ Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025թ. հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» օրենքի և Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարիչ։

Որոշմամբ արձանագրվել է նաև, որ ընկերության կողմից մեծ թվով սպառողների հաշվառքի սարքերի նկատմամբ իրականացվել են հնարավոր միջամտություններ ու հավելագրումներ։ 2024թ. այս խնդրի վերաբերյալ ստացվել է մոտ 7000 դիմում՝ 40%-ով ավելի, քան 2023թ. դիմումները։

Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագրին, դատարանը փաստել է, որ թեև այն որպես ապացույց չի ներկայացվել, սակայն դրա բովանդակությանը ծանոթ է իր վարույթում քննվող մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում: Դրա ուսումնասիրությունից հետևում է, որ այն պարունակում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշման և իրավական նորմերի մասին նշում, դրանում նույնպես արձանագրված չէ՝ ինչ հանգամանքներով է պայմանավորված Անուբաղ Համբարյանի համար նման բացասական հետևանքների առաջացումը:

Անդրադառնալով Ա. Համբարյանի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջին, դատարանը փաստել է, որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է վստահությունը կորցնելու հիմքով: Բացի այդ,  ՀԷՑ-ի փաստարկմամբ, աշխատողի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ընկերությունը կարող է կրել վնասներ: Այսինքն՝ այս դեպքում առկա է աշխատանքային հարաբերությունները շարունակելու անհնարինություն: Հետևաբար, դատարանը գտել է, որ աշխատանքում վերականգնելու  պահանջը ենթակա է մերժման:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 29-ին անվավեր է ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը։ Վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի բռնագանձվել է վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև՝ նույն ժամանակահատվածի համար ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:

Նշենք, որ աշխատանքից ազատվելուց հետո Ա. Համբարյանն աշխատանքի է անցել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և վարձատրվում ՀԷՑ-ից կրկնակի պակաս:

Դատարանի վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի պետք է բռնագանձվի նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը: Մոտավոր հաշվարկով, ՀԷՑ-ը Անուբաղ Համբարյանին պետք է վճարի 15 մլն դրամից ավել գումար:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել և հնարավոր է բողոքարկվի ՀԷՑ-ի կամ Անուբաղ Համբարյանի կողմից:

46 գործով հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջ է ներկայացել 

2025թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

«Հետք»-ը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2025թ. հուլիսի 18-ից մինչև հարցմանը պատասխանելու օրը աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով քանի՞ հայցադիմում է ներկայացվել ՀԷՑ-ի դեմ։ Եթե նյութական պահանջ է ներկայացվել աշխատանքից ազատված աշխատակիցների կողմից, ապա ընդհանուր որքա՞ն գումարի և այլն:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ի պատասխան նշել է, որ 2025թ. հուլիսի 18-ից 2026թ. հունվարի 14-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ ներկայացվել է աշխատանքային վեճին վերաբերող 47 հայցադիմում: 47-ից միայն 8 գործով է դատարանը որոշում կայացրել, մնացածը դեռևս քննության փուլում են: Մասնավորապես՝ մեկ հայցադիմում մերժվել է (հայտնի չէ՝ վերադասության կարգով բողոքարկվելու է, թե ոչ-հեղ.): Գործերից երկուսը կարճվել են, քանի որ հայցվորները հրաժարվել են հայցից, իսկ հինգ քաղաքացիական գործով հայցերը բավարարվել են մասնակի:

Մասնակի բավարարված 5 գործերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դատարանները չեն բավարարել միայն աշխատակիցների՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը: Պատճառաբանությունն այն է, որ լարված մթնոլորտը թույլ չի տա  շարունակել աշխատանքային հարաբերությունները: Սակայն ՀԷՑ-ին պարտավորեցրել են փոխհատուցել հարկադիր պարապուրդի եւ նախկին աշխատանքում չվերականգնելու համար: Պարտված գործերով ՀԷՑ-ը նաև զգալի գումարներ է վճարելու որպես պետական տուրք: Մասնավորապես՝ դատարանները վճռել են  բավարարված գումարների 2-3 տոկոսի չափով պետական տուրք բռնագանձել (օրինակ՝ 15 մլն դրամի 2%-ը կազմում է 300 000 դրամ), ինչպես նաև՝ յուրաքանչյուր գործով 20 000 դրամ պետտուրք՝ Ռ. Պետրոսյանի հրամաններն անվավեր ճանաչելու համար:

«Ինչ վերաբերում է նյութական պահանջի և դրա չափի վերաբերյալ հարցադրմանը, ապա հայտնում եմ, որ 46 գործով ներկայացվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջ, իսկ գումարի չափը հանդիսանում է առևտրային գաղտնիք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ենթակա է մերժման»,- մեզ գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Ընդհանրական հիմքեր՝ աշխատանքից ազատելու համար

«Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրական ցանցի պետ Անուշավան Հարությունյանի ու ՀԷՑ-ի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել է դեռևս 2011թ. մայիսին: Սկզբում նա այլ պաշտոնի է նշանակվել, այնուհետև դարձել է մասնաճյուղի ցանցի պետ՝ 490 000 դրամ ամսական աշխատավարձով: Սակայն, 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին» հրաման, որի համաձայն էլ լուծվել է պայմանագիրը։

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա․ Հարությունյանը պատշաճ չի կատարել տնօրենի պարտականությունները, ինչի հետևանքով հայցվորի ղեկավարած մասնաճյուղում գրանցվել են հավելագրման դեպքեր: Ընկերությունը պարզել է, որ մի շարք բաժանորդների հաշվառքային սարքերի ցուցմունքները չեն համապատասխանում ընկերության բազայում մուտքագրված ցուցմունքներին: Հավելագրումը կազմել է 10,619 կվտ/ժ:

ՀԷՑ-ը, որպես աշխատանքից ազատելու հիմք, մատնանշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշումը և ՀԷՑ ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի զեկուցագիրը:

Սակայն, դատարանը փաստել է, որ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը, թե՛ ժամանակավոր կառավարչի օգնականի  զեկուցագիրը չեն պարունակում «Բերդ» մասնաճյուղի տնօրենին վերագրվող որևէ գործողություն կամ անգործություն, որի հետևանքով ՀԷՑ-ը կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս: Հետևաբար, աշխատանքից ազատման հրամանում բացակայել է փաստական հիմքը, որն անվերապահորեն հանգեցնում է անվավեր ճանաչման:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։