Հայտնի է՝ ինչում են մեղադրվում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից:
Բացի այդ, Սեյրան Օհանյանը, հիշյալ առանձնատան տարածքում լողավազանի և շոգեբաղնիքի կառուցապատումն իրականացրած ՍՊ ընկերությանը ՊՆ իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և նշված ընկերության հետ փոխկապակցված՝ Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58 միլիոն դրամ կաշառք։
Այնուհետև՝ Սեյրան Օհանյանը, վերոգրյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին: Արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:
Բացի վերոգրյալը, Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները, որի հետևանքով չի հայտարարագրվել 2021 թվականի դրությամբ` 123 միլիոն 369 հազար դրամ, 2022 թվականի դրությամբ` 145 միլիոն 65 հազար դրամ, 2023 թվականի դրությամբ` 166 միլիոն 402 հազար դրամ արժողությամբ գույքը:
Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Ս.Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը։