Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին

Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ»,-ասել է նա։

Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների մասին, նա նշել է․ «Միանշանակ կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկա դրությամբ կա ուղիղ երկխոսություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարևոր փոփոխություն է։ Նախկինում զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրար հետ ճշտելու հնարավորությունից»։