Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն իհարկե սպասվում էր, քանի որ ազդարարված էր դեռևս Բաքվում Պուտինի հայտարարությամբ:
Առաջինը, որ ուշադրության է արժանի առնվազն խորհրդանշական իմաստով, դա այն է, որ Պուտինի հեռախոսազանգը Փաշինյանին տեղի է ունենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը: Որևէ կերպ հնարավոր չէ ստույգ ասել՝ ընտրվա՞ծ է այդ օրը հատուկ, թե՞ Կրեմլը այդ մասին չի էլ մտածել և պարզապես այդպես է ստացվել ժամանակացույցով: Նկատեմ միայն, որ քաղաքականության մեջ խորհրդանշականությանը տրվում է տեղ և խորհրդանշանները ըստ էության քաղաքականության «լեզուներից» մեկն են:
Առավել ևս, որ այս պարագայում Անկախության հռչակագրի հանգամանքը բոլորովին միայն խորհրդանշական չէ, հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Բաքվի պայմանները՝ Սահմանադրություն փոխելու և այդ կերպ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության կապակցվածությունը կտրելու վերաբերյալ:
Այդ իմաստով, առնվազն կա հարցադրման տեղիք՝ նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը, և արդյո՞ք ռուսական կողմը այդ կերպ փորձել է դնել վերաբերմունքի խորհրդանշականություն:
Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բուն բովանդակությանը, ապա այստեղ նկատենք հայկական կողմի և Կրեմլի տարածած հաղորդագրությունների որոշակի տարբերություն:
«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»: Սա հայկական կողմի տարածած հաղորդագրությունն է:
Կրեմլի կայքում փոքր ինչ ավելի մանրամասն է, մասնավորապես շեշտվում է, որ «շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հարցերի քննարկումը, հաշվի առնելով նաև Բաքու կատարած Պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունը»: Հետո հիշատակվում է, որ Ռուսաստանը հետագայում էլ պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման, նաև հաղորդուղիների ապաշրջափակման հարցում: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գոհ են երկկողմ հարաբերության առևտրատնտեսական ընթացքից: «Պայմանավորվել են շարունակել շփումները», ավարտում է Կրեմլը:
Տեսնում ենք, որ տարբեր է ձևակերպումը՝ հայկական կողմն ասում է պատեհ առիթով հանդիպելու պայմանավորվածության մասին, ռուսական կողմը ձևակերպում է՝ «շփումները շարունակելու», ինչը կարող է ենթադրել նոր հեռախոսազրույց:
Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է: Ընդ որում, այստեղ պետք է հասկանալ ոչ միայն զուտ երթուղին՝ ապրանքային, առևտրային ուղին, այլ Հյուսիս-հարավ գլոբալ համակարգը:
Հայ-ադրբեջանական հարցն այս պահին Կրեմլին թերևս հետաքրքրում է այնքանով, որքանով ցանկալի չէ, որ այդ հարցում լինեն զարգացումներ, որոնք կարող են այսպես ասած պահանջել Ռուսաստանից մեծ ջանք և ուշադրություն»: