Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են խլել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ դրանով էլ ավելի վատթարացնելով Հայաստանում գոյություն չունեցող ներդրումային միջավայրը, ՀԷՑ-ի պաշտոնյաները միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում հարեւան Վրաստանի էներգետիկայի բնագավառում: Վրացական մամուլը տեղեկացնում է, որ վրացական Beeline-ի սեփականատերը, հայկական «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության հետ համատեղ, Վրաստանում կառուցում է նոր հիդրոէլեկտրակայան` Ցխենիստսկալի — 1-ը։ Այն կառուցվում է Ցխենիստսկալի գետի վրա, Լենտեխի մունիցիպալիտետում։ Դրա նախագծային հզորությունը 22.48 ՄՎտ է, տարեկան կարտադրի 92 միլիոն 100 հազար ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրակայանի շինարարության ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ այս նախագծում վրաց հայտնի գործարար Խվիչա Մակացարիայի գործընկերներն են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարության ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները: Խոսքը ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, ինչպես նաեւ նույն ընկերության վերահսկիչ խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի երկու որդիների մասին է: Վրաստանի հանրային գրանցամատյանի ազգային գործակալության տվյալներով՝ «Հիդրո Ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ տնօրենը Գեորգի Մարգեբաձեն է, իսկ սեփականատերերը՝ մեկ իրավաբանական եւ երեք ֆիզիկական անձ՝ «Հիդրո Ինվեստ» ՍՊԸ-ն՝ 50%, եւ երեք ՀՀ քաղաքացիներ՝ Կարեն Հարությունյանը՝ 17%, Արա Դարբինյանը՝ 17%, եւ Հայկ Դարբինյանը՝ 16%։
Հայաստանցի ներդրողները Վրաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման մեջ ներդնում են 17,5 միլիոն դոլար, այն դեպքում, երբ այդ գումարը կարող էր ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ, կարող էր ներդրվել Հայաստանի էներգետիկայում, Հայաստանում նոր հիդրոէլեկտրակայան կառուցելու մեջ: Հայաստանում նոր եւ հզոր հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագիծ կար, որը, սակայն, չիրականացվեց, քանի որ 2018 թվականին երկրում տեղի ունեցավ իշխանության բռնազավթում, եւ տեղացի ու օտարերկրյա ներդրողները հասկացան, որ իրենց ներդրած գումարը Հայաստանում չի կարող ապահով լինել:
2017 թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստում հաստատեց Լոռու մարզի Դեբեդ գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագիծը: Որոշման նախագծում մասնավորապես նշված էր. «Հավանություն տալ 76 ՄՎՏ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին»: Նախագծում նշված էր նաեւ, որ «Շնող» ՀԷԿ նախագիծն իրականացվելու է Հայաստանի ներդրողների ակումբի միջոցով, որը վերջերս էր ստեղծվել: «Շնող» ՀԷԿ-ը կառուցելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը, որի հիմնադիրն էլ «Էներգոինվեստ հոլդինգ» ընկերությունն է, որի սեփականատերն էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունն է:
Դեբեդ գետի վրա հիդրոէլեկտրակայան այդպես էլ չկառուցվեց եւ չէր էլ կարող կառուցվել: Երբ համաձայնագիրը կնքվեց, Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր, դրանից ամիսներ անց՝ 2018 թվականին, Հայաստանում տեղի ունեցավ հակասահմանադրական հեղաշրջում, որից հետո արդեն պարզ էր, որ իշխանությունը հայտնվել է ընչաքաղց ու ագահ մեկի ձեռքին, որը, փոխանակ երաշխավորելու եւ պաշտպանելու մարդկանց եւ ներդրողների սեփականության իրավունքը, ամեն ինչ անելու է սեփական հարստացման համար: Սկզբում նա մարդկանցից փող էր շորթում՝ նրանց ազատություն շնորհելու կամ երկրից փախչելու իրավունք տալու համար, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ Փաշինյանն իրենից 20 միլիոն դոլար գումար է պահանջել՝ իր դեմ հարուցված քրեական գործը կարճելու եւ հետախուզումը դադարեցնելու համար, բայց այդ հայտարարությանը որեւէ արձագանք չեղավ, մյուսները, ովքեր գործարքի գնացին իշխանության հետ, չնայած հարուցված քրեական գործերին, կարողացան դուրս գալ Հայաստանից․ դրա մասին հայտարարում են արդեն արտասահմանում, մյուսները փրկագին վճարեցին եւ մնացին երկրում:
Հայաստանն ինքը ներդրումների կարիք ունի, բայց հայ գործարարները Հայաստանում ներդրում չեն անում, եթե ինչ-որ փող էլ ծախսում են՝ բացառապես առեւտրի, սպասարկման կամ շինարարության ոլորտում, որտեղ կարելի է արագ շահույթ ստանալ կամ կորցնելու շատ քիչ բան կա, եթե հանկարծ Փաշինյանը որոշի իրենց ունեցածն էլ խլի ձեռքներից: Ոչ մեկը երկարաժամկետ ներդրում չի անի, ոչ մեկը մեծ փող չի ծախսի, քանի որ որքան մեծ է ներդրումը, այնքան վտանգավոր է դառնում դա, քանի որ Փաշինյանը կարող է աչք տնկել այդ ունեցվածքի վրա, կարող է դա էլ իրենով անել: Հայաստանի գործարարներն արդեն տեւական ժամանակ ներդրումներ են անում Վրաստանում, Ռուսաստանում, անգամ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայում, միայն թե կարողանան իրենց ունեցվածքը փախցնել Փաշինյանի անկուշտ աչքից հեռու:
Բայց արդյո՞ք նրանից փրկվելու միակ հնարավորությունը փախուստն է` կապիտալի եւ անձնապես, ինչո՞ւ Հայաստանի գործարարները չեն մտածում, որ իրենց ունեցվածքը պաշտպանելու լավագույն ձեւը նրանից ազատվելը կլիներ: Իհարկե, փախչելն ավելի հեշտ է, քան պայքարելը, փախցնելն ավելի ապահով է, քանի որ ունեցվածքդ ուրիշի ձեռքը չի ընկնի, Փաշինյանը դա չի խլի: Բայց անկախ պետության գոյության առաջին իմաստը հենց մարդկանց եւ նրանց ունեցվածքի պաշտպանությունն է, մարդիկ պետություն են ստեղծում, որ նա իրենց ավելի լավ պաշտպանի, քան որ դա կաներ մի օտար պետություն: Հիմա իրենք փախչելով եւ իրենց ունեցվածքը փախցնելով Հայաստանից՝ նրանք Հայաստանին վերաբերվում են որպես օտար եւ թշնամի պետության, մինչդեռ պետք է հակառակը լիներ, պետք է այնպես անել, որ երկիրը դառնար մերը: Իսկ երկիրը մերը ինքնըստինքյան չի կարող դառնալ, դրա համար կռվել ու պայքարել է պետք եւ ոչ թե փախչել ու համարել, որ այդ ձեւով փրկվել ես վտանգից: