Վերջնական արձագանք, որի մասին հնարավոր կլինի հայտարարել չունենք, բայց այսօր նույնպես տեսաք, որ վարչապետը էլ ավելի բացեց և ներկայացրեց որոշակի նոր մանրամասներ հայկական կողմի առաջարկների վերաբերյալ, կարծում եմ՝ ընդհանուր խաղաղության գործընթացի քննարկումների համատեքստում այս թեման նույնպես պիտի լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող հետագայում քննարկումների օրակարգում։ Այդ մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ամիսներ առաջ Հայաստանը առաջարկ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, արդյոք որեւէ արձագանք կա դրա վերաբերյալ։
Խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք բազմիցս նշել ենք, որ մեր հայ ազգի ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում։ Բնականաբար մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորտում հայտնի բավականին գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել և վստահաբար, խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալ այդ թեմային։ Հակառակը դա մեր առաջնահերթությունների թվում է»։
Հարցին՝ թե ի՞նչ արդյունքներ կան՝ նա պատասխանեց. «Մինչև այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»։