Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց Եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին: Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս՝ մինուս մի քանիսը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պե՞տք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն:
Ես կարծում եմ, որ, այո՛, պետք է ունենա առնչություն, և Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները Եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային-եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, կողք կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել և կողք կողքի հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Իմ կարծիքով՝ Եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա, և նրա առաջնային անելիքը և մտահոգությունը պետք է լինի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը:
Ահա, թե ինչպես եմ պատկերացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությունը մեր հանրային-քաղաքական կյանքին»,- ասել է նա։




