Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) մասնագիտացված կայքը։
Ըստ կայքի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 վեց հրետանային համակարգերի խմբաքանակը ծրագրավորվել է հայերենով՝ հայկական կողմի պահանջով։
«Բացի այդ, կատարվել են մի քանի այլ փոփոխություններ, որպեսզի հրետանային կայանքները հարմարեցվեն հայկական զինված ուժերի կոնկրետ պահանջներին։ Չնայած հրետանային համակարգերն ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում՝ դրանք երկար ժամանակ չէին փորձարկվել Հայաստանի պայմաններում»,- հայտնում է կայքը։
Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը՝ հնդկական «Kalyani Groups» արտադրողից։
«ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի հայկական բանակի հնարավորությունները և կապահովի նրա հրետանու կրակային հզորության այդքան անհրաժեշտ աճը: Այս ժամանակակից զենքերը արժեքավոր կդառնան երկրի սահմանները պաշտպանելու և նրա ազգային անվտանգությունն ապահովելու գործում»,- նշում է IDRW-ի աղբյուրը։