«Աշխարհաքաղաքականությունը և Հայաստանի ապագան» թեմայով գիտագործնական համաժողովի մասնակիցների հայտարարությունը.
Մենք, այս գիտագործնական համաժողովի մասնակիցները, արձանագրում ենք, որ Հայաստանի ապագայի ձևավորումը և անվտանգությունն անքակտելիորեն կապված են աշխարհի փոխգործակցությունների, փոխադարձ ազդեցությունների և աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Ներկայիս աշխարհաքաղաքական իրականությունը՝ իր արագ փոփոխություններով և գլոբալ մարտահրավերներով, պահանջում է Հայաստանի կողմից խորքային վերլուծություն և համապատասխան ռազմավարություն՝ ապահովելու երկրի անկախությունը, անվտանգությունը և տնտեսական կայունությունը։
Հայաստանը, գտնվելով գերտերություների շահերի բախման կիզակետում գտնվող տարածաշրջանում, պետք է վերաիմաստավորի իր դերը և դերակատարությունը միջազգային քաղաքականությունում՝ այդպիսով ստեղծելով ապահով ապագա իր ժողովրդի համար։ Դրա համար անհրաժեշտ է զարգացնել երկկողմ և բազմակողմ հարաբերություններ, ակտիվացնել դիվանագիտությունը, հստակեցնել ազգային անվտանգության ռազմավարությունը և խթանել երկրի տնտեսական ու մշակութային զարգացումը։ Այս համաժողովի մասնակիցները միաձայն հռչակում են հետևյալ կետերը, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն Հայաստանի ապագայի կայունության և անվտանգության առանցքային բաղադրիչները.
1) Ազգային անվտանգության և ինքնիշխանության ամրապնդում Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել իր պաշտպանունակությունը՝ զարգացնելով ռազմական կարողությունները, արտաքին քաղաքական հարաբերություններն ու համագործակցությունը միջազգային դաշնակիցների հետ: Կայունություն կարող է ապահովվել միայն խաղաղության ու անվտանգության լիարժեք պաշտպանության միջոցով։
2) Տնտեսական զարգացում և կայունություն Հայաստանի տնտեսական ռազմավարությունը պետք է լինի հավասարակշռված՝ ներառելով նորարարական և տեխնոլոգիական զարգացմանը խթանող միջոցներ, որն էլ թույլ կտա երկրին դառնալ մրցունակ միջազգային շուկայում: Հայաստանի տնտեսական աճը պետք է բխի ազգային շահերից և միջազգային հնարավորություններից։
3) Դիվանագիտություն և միջազգային դիրքեր Հայաստանը պետք է ապահովի իր միջազգային ճանաչումը՝ բարձրացնելով դիվանագիտական հարաբերությունները՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն: Միջազգային քաղաքականության մեջ ակտիվությունը, ռազմավարական դաշինքների ձևավորումը և տարածաշրջանային համագործակցության խթանումը կդառնան Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչները։
4) Մշակութային ժառանգության պահպանություն Հայաստանի ապագայի համար կարևոր է մեր մշակութային ժառանգության պահպանությունը, այդ թվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված հայկական պատմական բնակավայրերում:
Պետք է շարունակել ջանքերը՝ հայկական պատմամշակութային արժեքների պահպանման և միջազգային հարթակներում դրանց ներկայացման ուղղությամբ, ինչը կնպաստի ազգային ինքնության ամրապնդմանը։
Մենք հավատում ենք, որ միայն միասնական, համախմբված գործողություններով կարելի է կառուցել Հայաստանը’ որպես հզոր, կայուն և զարգացող պետություն։ Հայաստանի ապագան մեր ձեռքերում է, և մենք պատրաստ ենք այն կերտելու՝ գործելով մեր ազգային շահերից, անվտանգության և զարգացման նպատակներից ելնելով։
Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատ» շարժումը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին անցկացրել է գիտագործնական համաժողով՝ «Աշխարհաքաղաքականությունը և Հայաստանի ապագան» թեմայով։ Հիմնական թեզերն էին՝ Հայաստանի անվտանգությունը, սպառնալիքների տեղայնացման հիմնախնդիրները և ուղիները, միջազգային օրակարգը: