NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչները ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Պակիստանի դեսպանություն բացելու ուղղությամբ: Ըստ մեր դիվանագիտական աղբյուրի՝ դեսպանության բացումը նախատեսվում է հաջորդ տարի:
Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որտեղից չեն հերքել լուրը:
«Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով: Այս համատեքստում հետագա զարգացումների մասին հանրությունը կիրազեկվի պատշաճ կերպով»,-ասված է ԱԳՆի պաշտոնական պատասխանում:




