«Հերացի վերլուծական» կենտրոնը վերլուծել է 7-րդ շաբաթվա սուր շնչառական վարակների համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում:
Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծության արդյունքում արձանագրվել է որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 7-րդ շաբաթվա ընթացքում (09.02-15.02.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը եղել է 78, ինչն ավելացել է 18%-ով` նախորդ շաբաթվա համեմատ: ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 9%-ը, նախորդ շաբաթվա 7.4%-ի համեմատ: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ավելացել է նաև մինչև 5 տարեկանների մասնաբաժինը` կազմելով ընդհանուր դեպքերի 55%-ը (43 դեպք)` նախորդ շաբաթվա 50%-ի փոխարեն:
Դեպքերի 40%-ը (31 դեպք) եղել 5-14 տարեկանների, 4%-ը (3 դեպք)` 15-29 տարեկանների, 1%-ը (1 դեպք)` 30-64 տարեկանների շրջանում: ԾՍՇՎ-ով 4 հիվանդ (մինչև 5 տարեկան) ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 8:
Կարևոր է ընդգծել, որ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն պաշտոնական հրապարակումների` Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի հարուցիչները։
Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփ տվյալների` 2026թ.-ի փետրվարի 2-ից 8-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշները ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում շարունակվում է նվազել սեզոնի սկզբում արձանագրված բարձր մակարդակից:
Հոսպիտալացումների հիմնական դեպքերը 65 և ավելի բարձր տարիքի անձիք են: Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակվում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (77%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (23%): Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը գերազարցում է 10% համաճարակային շեմը` կազմելով 28%, նախորդ շաբաթվա 33%-ի փոխարեն: 31 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 13%, ևս 22 երկրներ հաղորդել են առնվազն 10%:
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը պահպանվել է 3%:
Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույնն է: RSV դրական նմուշների մակարդակը եղել է 10%: Մինչև 5 տարեկան երեխաները դեռևս կազմում են դեպքերի գերակշռող մասնաբաժինը:




