Կառավարությունը ՀՀ պետբյուջեի հաշվին շուրջ մեկ մլրդ դրամ է տրամադրվել բանկերին անհուսալի վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային պարտավորությունները մարելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալները:
Նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառված է 19,136 դիմում, իսկ համակարգում հաստատված կարգավիճակ ունի 6786 դիմում։
««Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում 2025 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին ըստ համապատասխան տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության՝ ծախսվել է շուրջ 985 մլն դրամ»,-հայտնել են նախարարությունից:
ՀՀ կենտրոնական բանկից էլ տեղեկացրել են, որ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց քանակը կազմել է 335 հազար մարդ, իսկ վարկային բեռը (մայր գումարի, հաշվեգրած տոկոսների և այլ պարտավորությունների գումարների մնացորդը)՝ 673 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2024թ. հոկտեմբերի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար էր, իսկ վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ։




