Հայաստանն անում է առավելագույնը՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս. Արարատ Միրզոյան

Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս, հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության և ինտերնետային մալուխները և այլն:

Դա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների՝ ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։ Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին»,- ասել է նա։

Միաժամանակ, Միրզոյանի խոսքով, շարունակվում են բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման և մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։

«Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը։ Կրկին, եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար»,- նշել է նա։