Հայաստանի փրկության աղոթք

Այսօր աշխարհում նորից սկսել է տիրել խելագարությունը: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո հաստատված և շուրջ 7 տասնամյակ գոյատևած աշխարհակարգը փլուզվում է: Օրենքի ուժին փոխարինելու է եկել զոռբայությունը՝ ուժի օրենքը: Գիշատիչներով շրջապատված փոքրիկ Հայաստանը, որը թշնամիների կողմից հուշած քաղաքականության պատճառով չունի իրական դաշնակից, հայտնվել է անելանելի թվացող վիճակում: Դրությունն ավելի է ծանրանում այն պատճառով, որ մեր Հայրենիքի ղեկավարները գիշատիչներին համոզում և ամեն ինչ անում են, որ մեր պետությունը դասվի խոտակերների ցանկում: Ժողովրդին էլ վստահեցնում են, որ եթե գիշատչին ապացուցես, որ դիմացինդ խոտակեր է, զոռբան կդառնա ջենթլմեն և չի վնասի այդ «գառնուկին»: Որոշեցի դիմել Աստծուն՝ հայցելով օգնություն և փրկություն: Հայցելով պարգևել հայ ժողովրդին ու նրա առաջնորդներին իմաստնություն, որ կարողանանք փրկվել այս անելանելի թվացող վիճակից: Որ կարողանանք քարտեզի վրա պահել Հայաստան անկախ պետությունը: Օրվա խորհուրդը հուշեց օգնությունը խնդրել ստորև ներկայացված աղոթքի ձևով.

ՀԱ՜ՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ

Գիտեմ, որ հայերիս սիրում ես համարյա Քո որդու չափ: Ինչո՞ւ համարյա: Որովհետև թույլ տվեցիր, որ մենք էլ Քո որդու նման սեղան նստենք, ապա մատնվենք, ձերբակալվենք, դատվենք, անարգվենք և չարչարանքներով խաչ հանվենք: Բայց Քրիստոսի չարչարանքները կարճ տևեցին և նա Հարություն առավ: Իսկ մեզ, երևի, մոռացել ես: Եվ մեր չարչարանքները դարեր են տևում:

Բայց չէ, չես մոռացել: Ուղղակի մենք շատ դիմացկուն ենք և խաչվելուց հետո չենք մահանում: Մի կերպ գոյատևում ենք: Հետո նորից սեղան ենք նստում, դավաճանվում ենք, մատնվում, անարգվում ու չարչարանքներով նորից խաչ հանվում:

Այո, մենք շատ դիմացկուն ենք և խաչվելուց հետո չենք մեռնում: Բայց ի՞նչ է, մեր մահվա՞նն ես սպասում, որ նո՞ր միայն Հարություն պարգևես:

Շնորհակալ ենք, իհարկե, որ մեզ խաչողին, լինի դա կայսրություն, թե մեծ պետություն, Դու շատ արագ պատժում՝ կործանում ես: Բայց դա թույլ մխիթարանք է:
Խնդրու՜մ ենք կանգնեցրու այս շրջապտույտը: Մենք, միևնույն է, չենք մահանալու: Բայց հոգնել ենք տանջվելուց և սոսկ գոյատևելուց:

Փրկի՜ր մեզ և մեր երկիրը: Պարգևի՜ր մեզ իմաստնություն, որ Քո օգնությամբ փյունիկի պես ելնենք կրակից:
Ամեն:

Գրիգոր Էմին-Տերյան

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։