Այդպիսի տարածքներ կան փոխադարձաբար մասնավորապես Տավուշի մարզում, նաև այլ մարզերում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքն ասել է, որ Ադրբեջանում և Հայաստանում կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն դիմացի կողմին։
«Ինչ վերաբերվում է էքսկլավ-անկլավների թեմաներին, նախորդ բրիֆինգում և ասուլիսում ես այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ և դա նույնպես հարց է, որը պետք է հասցեագրվի։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ես և Հայաստանի կառավարությունը և Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ-անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն և Արծվաշենը որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մաս մենք չենք կարող հրաժարվել։
Ինչ վերաբերվում է ձեր շեշտադրմանը, որ դրանք ինքնիշխան տարածք են, բոլոր տարածքները ինքնիշխան են և 1991 թվականի Ալմաթի հռչակագիրը արձանագրում է, որ ըստ էության իմաստը հետևյալն է, որ Խորհրդային Հայաստանը իր ամբողջական ադմինիստրատիվ տարածքով և սահմաններով դառնում է անկախ Հայաստան, իսկ Խորհրդային Ադրբեջանը իր ադմինիստրատիվ սահմաններով դառնում է անկախ Ադրբեջան։
Այսինքն պայմանավորվածությունը, որը արձանագրվել է առաջին անգամ 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում, դա է և մենք գնում ենք դրա ինստիտուցիոնալացման ճանապարհով և այդ ճանապարհը շարունակելու ենք։
Ես արձանագրել եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, և այդ խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի, և, իհարկե, որևէ կասկած չկա, որ ես, մեր կառավարությունը վճռականորեն և հետևողականորեն գնալու ենք այդ խաղաղության ինստիտուցիոնալացման հետևից։ Մեր նավը, պայմանական ասած, հասցնելու ենք խաղաղ հանգրվանի, արդեն հասցրել ենք խաղաղ հանգրվանի, հիմա անհրաժեշտ է, որ այդ նավամատույցները ավելի հուսալի լինեն, ավելի կայուն լինեն և ի վերջո կառուցված լինեն։ Խաղաղությունը այլևս անշրջելի է և մեր կառավարության և իմ անձնական առաքելությունը ես համարում եմ դա»,– ընդգծեց նա։