Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգային չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական «Բեռլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
«Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա։ Հարավային Կովկասում, ընդհակառակը, իրական խաղաղություն կա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնացել են որոշ վիճելի հարցեր՝ սա լիովին նորմալ է։ Ահա թե ինչի համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը», — նշել է նա։