Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը:
Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։ Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ Ջերմուկում տրամադրությունը տոնական է և քաղաքը բնականոն կյանքով է ապրում ու զարգանում: «Ուզում եմ ձեզ բոլորիդ ողջունել և իսկապես գնահատել այն, որ մեզ հաջողվեց 2025-ից 2026-ի տարեմուտը՝ Նոր տարին բարձր տրամադրությամբ դիմավորել: Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք, և ի վերջո Հայաստանի Հանրապետությունը բնականոն իր զարգացումը կշարունակի՝ հանուն իր քաղաքացիների ազատության, երջանկության և բարեկեցության»,-իր խոսքում նշել է վարչապետը:
«Ֆեստիվառ»-ի շրջանակում այլ միջոցառումներին զուգահեռ, տեղի է ունեցել նաև մեծ համերգ, որտեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Արամ MP3-ը և Yellowheart-ը, բացառիկ ելույթով նրանց միացել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտը:




