Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները օգոստոսին Թրամփի հետ միասին ստորագրել են համաձայնագիր՝ պարտավորվելով վավերացնել խաղաղության պայմանագիրը և կարգավորել հարաբերությունները։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ վավերացման գործընթացը կտևի մոտ 12 ամիս։ Այժմ, երբ այդ ժամկետի գրեթե կեսն արդեն անցել է, զգալի առաջընթաց չի արձանագրվել և մի քանի առանցքային հարցեր մնում են չլուծված։ Չորս հիմնական ոլորտներ կորոշեն՝ արդյոք կիրացվի այդ հնարավորությունը, թե ոչ։ Այս մասին Arab News-ի համար գրված իր հոդվածում նշել է Լյուկ Քոֆին։
Ըստ հեղինակի՝ առաջին փորձությունը կլինի Փաշինյանի քաղաքական կայունությունը, քանի որ Հայաստանը պատրաստվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ընտրությունները, հավանաբար, կլինեն վիճահարույց և դրանցից հետո քաղաքական կայունությունը վճռորոշ նշանակություն կունենա խաղաղության գործընթացի առաջմղման համար։
Սրա հետ սերտորեն կապված է Հայաստանի Սահմանադրության զգայուն, բայց չափազանց կարևոր հարցը։ Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ այդ հարցը պետք է լուծվի նախքան Բաքուն կկարողանա վավերացնել վերջնական խաղաղության պայմանագիրը։ Հաջորդ հարցը, որը հրատապ առաջընթաց է պահանջում՝ դա «Թրամփի ուղին» է։
Թրամփի առաջարկը նախատեսում է այդ 42 կիլոմետրանոց միջանցքի շահագործման հանձնումը մասնավոր միջազգային կոնսորցիումին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը պաշտոնապես համաձայնել է այս հայեցակարգին, դրա իրականացման ուղղությամբ որևէ բովանդակային քայլ չի ձեռնարկվել։ Շինարարությունը չի սկսվել, իսկ ավտոճանապարհներն ու երկաթգծերը չեն կառուցվել կամ վերանորոգվել։ Ալիևը վերջերս մտահոգություն է հայտնել առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ զգուշացնելով, որ հետագա ձգձգումները կարող են խարխլել ավելի լայն խաղաղության պայմանագրի նկատմամբ վստահությունը։ Եթե Հայաստանի տարածքում շինարարությունը չսկսվի 2026 թվականին, ապա համաձայնագրի հուսալիությունը կարող է լուրջ հարվածի տակ հայտնվել։
Հաջորդ մարտահրավերը Ռուսաստանի և Իրանի կողմից գործադրվող ճնշումն է, հատկապես Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին։ Ո՛չ Մոսկվան, ո՛չ Թեհրանը չեն ողջունում Վաշինգտոնի միջնորդական դերը խաղաղության գործընթացում, քանի որ երկու երկրներն էլ Հարավային Կովկասը դիտարկում են որպես իրենց ավանդական ազդեցության գոտու մաս։ Թրամփի առաջարկած երթուղին առանձնահատուկ կերպով զգայուն է երկու մայրաքաղաքների համար էլ։
Ռուսաստանը զգուշավորությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ցանկացած ներկայության, նույնիսկ եթե այն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից մի տարածաշրջանում, որտեղ ներկայումս հենց ինքն է հսկում հայ-իրանական սահմանը։ Թեհրանն էլ իր հերթին օգտագործում է այդ նույն 42 կիլոմետրանոց հատվածը որպես դեպի հյուսիս տանող առանցքային առևտրային երթուղի։ Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարանցիկ միջանցքը կարող է հակասել Իրանի կոմերցիոն շահերին և Ռուսաստանի՝ անվտանգության ոլորտի պարտավորություններին՝ ստեղծելով լարվածություն, որը չի ցանկանում երկրներից և ոչ մեկը։
Հետևաբար, թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի շահերից է բխում ստատուս քվոյի պահպանումը։
Ըստ հեղինակի՝ չնայած այս մարտահրավերներին, դեռևս հնարավոր է, որ 2026 թվականը դառնա այն տարին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես խաղաղություն կհաստատվի։ Դրա համար կպահանջվի կայուն միջազգային ներգրավվածություն և շարունակական ճնշում երկու կողմերի վրա՝ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով։




