Search
Close this search box.

Հայ ժողովուրդը չի հավատում իշխանությունների՝ արտաքին վտանգներին դիմադրելու ունակությանը. Արշակ Կարապետյան

Հայաստանի Հանրապետությունն այսօր ծանր օրեր է ապրում, իսկ գործող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։ Ընդհակառակը, փաշինյանական վարչախումբը միտումնավոր ավելի է թուլացնում Հայաստանը, վարկաբեկում հայկական բանակը, տորպեդահարում ցանկացած լավ քայլ, որն ուղղված է Հայաստանի պետականության ամրապնդմանը։

Ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ ինքնիշխան տարածքներից թշնամուն դուրս բերելու, Ադրբեջանի ռազմական հանցագործներին միջազգային դատական ատայններում պատասխանատվության կանչելուն ուղղված գործողությունների փոխարեն վարչախումբն ամեն ինչ անում է հակառակ ուղղությամբ։ Իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնհայտորեն թուրքական և ադրբեջանական նարատիվներ է առաջ տանում։
Օրեր անց Բաքվում կայանալու է COP29 միջազգային համաժողովը, որը թշնամի երկրում հնարավոր եղավ կազմակերպել հենց փաշինյանական իշխանության օգնությամբ։ Մինչ Հայաստանում և աշխարհում բազմաթիվ անվանի մարդիկ բարձրացնում են հայ ռազմագերիների վերադարձի հարցը, նշում, որ այդ համաժողովը լավ առիթ էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերից հանելու համար, փաշինյանական վարչախումբը քննարկում է ընդհուպ այդ համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ Որևէ ռազմագերու հարց այդպես էլ պաշտոնական Երևանը չի բարձրացնում։
Շատ վերլուծաբաններ էլ նկատում են, որ Ադրբեջանը, որը տարբեր պատճառաբանություններով ու նոր պահանջներով հրաժարվում է պայմանագիր կնքել, արդեն համաժողովից հետո նոր ռազմական էսկալացիա է սկսելու։ Այդ նույն ընթացքում զինվորական համազգեստ հագած մի ՔՊ-ական հայտարարում է, թե հայկական բանակն ունակ չէ պայքարել Ադրբեջանի դեմ և պետք է ընդունել թշնամու պահանջները։

Հայ ժողովուրդը չի հավատում իշխանությունների՝ արտաքին վտանգներին դիմադրելու ունակությանը։ Միևնույն ժամանակ, ի դեմս գործող ընդդիմության, չի տեսնում իրական այլընտրանք օրվա իշխանություններին։ Այսօր կարևոր է թույլ չտալ ոտնահարել հայ ժողովրդի շահերը, միավորել հայության ուժերը ամբողջ աշխարհում, բարձրացնել մեր պատմական դաշնակիցների վստահության մակարդակը։ Մենք պետք է ուղղենք Հայաստանի ներկայիս իշխանության սխալները, ճշգրտենք արտաքին և ներքին քաղաքականության ուղղենիշը։

Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյան