COP29-ին նախաշեմին մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի ցուցանիշերը վիճելի են: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերը հանգեցրին բնակչության բռնի տեղահանմանը, ինչը հայկական կողմը գնահատում է «էթնիկ զտում», հայտնել է France 24-ը։
Այդ ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան «ցեղասպանություն» որակեց։
Նա հայտարարեց, որ, որպես Լեռնային Ղարաբաղի հայերի և արտաքին աշխարհի հետ միակ կապ համարվող Լաչինի միջանցքի շրջափակումն այս էթնիկ խմբին ոչնչացնելու համար ստեղծված համակարգ էր։
Օկամպոյի խորին համոզմամբ՝ կլիմայի փոփոխության և «ցեղասպանության» միջև կապն անհերքելի է. երկուսն էլ կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք պատշաճ կերպով չեն կիրառվում:
COP29-ի նախօրեին Մորենո Օկամպոն ղեկավարեց արշավ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից 23 հայ բանտարկյալների, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորման վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու արշավին։
Նախկին դատախազ Մորենո Օկամպոն նշում է, որ COP29-ը միջազգային հանրության համար մարդու իրավունքների հարցերում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն է։
Բնակչության տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղը ամայի տարածք է։ Մորենո Օկամպոն հավատում է հայ բնակչության վերադարձի հնարավորությանը, թեև կարծում է, որ Ղարաբաղի պատանդների կալանավորումը Ադրբեջանի կողմից հստակ ուղերձ է. «Լեռնային Ղարաբաղ վերադառնալու դեպքում հայերին նույնքան տառապալից ճակատագիր է սպասվում»:
Երկրների լայն շրջանակ պահանջել է ազատ արձակել հայ բանտարկյալներին։
Վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձավ հայ բանտարկյալների և բանտերում մարդասիրական ու արժանապատիվ վերաբերմունքի կարևորության մասին։ Նա վստահեցրել է, որ իր երկիրը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասի գործերին։
«Նրանք ռազմագերիներ չեն։ Նրանք ցեղասպանության զոհեր են։ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցները վկայում են Ադրբեջանում անկախ դատական համակարգի բացակայության մասին։ «Դա բռնապետություն է։ Բանտերում խոշտանգում ու սպանում են։ Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալներ կան»,- ասում է Մորենո Օկամպոն։
Քանի մոտենում է COP29-ը՝ Բաքվի նկատմամբ հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ միջազգային ավելի մեծ հսկողություն է լինելու, ինչը Ադրբեջանի հեղինակության և արտաքին հարաբերությունների համար հղի է հետևանքներով։
Սա ոչ միայն մեկնաբանվում է որպես վճռական պահ՝ կլիմայական խնդիրների լուծմանը նվիրվածություն ցուցաբերելու, այլև տարածաշրջանում մարդու իրավունքների նկատմամբ վարքագիծը փոխելու առումով: