Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, դատարանին դիմել է`որպես վկա կանչել կամ տեսակոնֆերանսի միջոցով գործընթացին մասնակից դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր հերթին առաջարկել է որպես վկա հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
Բաբայանը նշել է, որ ինքն ու Դավիթ Մանուկյանը ծանոթ են նշված անձանց և անմիջական կապի մեջ են եղել նրանց հետ, ինչն էլ հիմք է նրանց` որպես գործով կարևոր վկաներ կանչելու դատարան:
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին:
Մեղադրող դատախազը դատարանից պահանջել է չբավարարել այս միջնորդությունները: Ըստ այդմ` նիստը նախագահող որոշել է ներկայացված միջնորդությունները մերժել: