ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն այսպես․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող հալածանքների գործընթացը, ինչպես տեսնում ենք, գնալով ավելի է սաստկանում։ Մեր օրերում տեղի ունեցողն ինձ ակամայից հիշեցնում է 1-4-րդ դարերում տեղի ունեցած հալածանքները։
Փաշինյանը տվեց ու անցավ Ներոնին, Դիոկղետիանոսին, Վալերիանոսին ու Տրայանոսին, որոնք մոլագարի պես հետապնդում էին քրիստոնյա քարոզիչներին ու շարքային մարդկանց, խաչում, քարկոծում ու գլխատում նրանց։ Սրա արածներն ավելի «զարգացած» ու մոդեռնացված են, քանի որ, եթե հնում այդ ամենն արվում էր էմոցիաներին տրվելով, այս դեպքում ամեն ինչ նախապես պլանավորված է ու դասակարգված։
Ասեմ, որ տրամաբանությունը նույնն է, պարզապես տեխնիկական մեթոդաբանությունն ու կոմունիկացիան են տարբեր։ Իրականում բոլորն էլ դա անում էին, քանի որ հասկանում էին, որ այդ ամենը կարող է խաթարել իրենց աթոռը․ այսինքն՝ բոլորն էլ, մեծ հաշվով, իշխանությունը պահելու խնդիր են լուծել։
Այստեղ առանցքայինն այն է, որ տվյալ հետապնդումների վերջնարդյունքը խաչելն է, ինչը ցանկացած քրիստոնյայի համար պատիվ ու անմահություն է։ Եվ սա գիտի ցանկացած իրական քրիստոնյա, որ ինքն ուժեղանում է հետապնդումների ու թիրախավորման ընթացքում։ Ասեմ ավելին՝ դա փայլուն գիտեն նաև հայ հոգևոր դասը, էլ չասեմ Վեհափառ Հայրապետը։
Ինչո՞ւ է տիրադավ կոչվածների կամ եկեղեցին ասպատակողների մոտ այնպիսի թյուր կարծիք ձևավորվել, որ Վեհափառը վախենում է խաչվելուց։ Թերևս փորձեմ մի փոքր հիասթափեցնել այդ խառնամբոխին․ Վեհափառը ոչ միայն չի վախենում խաչվելուց, այլ ասեմ ավելին՝ Ամենայն Հայոց Հայրապետը պատրաստ է քրիստոնեաբար խաչվելուն։ Այլ հարց է, որ մարդկանց մեծ մասը, թուլամորթ ու տմարդի լինելով, դրան պատրաստ չէ։
Միանշանակ է, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրիս մոտ պետք է տրամաբանական հարց առաջանա՝ որ կողմում է գտնվում․ հալածվող ու ցանկացած պահի խաչելության պատրաստ Վեհափառի՞, թե՞ լինելու է խաչող։ Եթե այդ հարցի պատասխանը գտնեք, ամենայն հարգանքով, միշտ հիշեք, որ խաչվողը և խաչվողի հետ հալածվողները միշտ հաղթել են, քանի որ, ինչպես ասվում է Գրքում․ «Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնային արքայությունը»»։




