«ԲՆԱԳԻԾ» հաղորդաշարի նախորդ թողարկմանը ես գնահատական տվեցի ժողովրդագրական իրավիճակին և խոստացա ուսումնասիրել դպրոցների և նախադպրոցական կրթության խնդիրը։ Սա խիստ արդիական հարց է։ Իշխանության կողմից դրա անտեսումը բազմաթիվ այլ խնդիրներ է առաջացնում և տանում մեր երկիրը անվերադարձ կետին։
Մանկական հաստատությունները և հատկապես նախադպրոցական ու դպրոցական կրթական համակարգը գտնվում են անմխիթար վիճակում: Ներկայիս վարչախումբը շատ է խոստանում, բայց քիչ է կատարում։ Այս հարցի շուրջ ավելի մանրամասն խոսենք։
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ծնելիության մակարդակը և բնակչության թվաքանակը շարունակաբար նվազում են։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում դպրոցների շրջանավարտների թիվը զարմանալի կերպով աճում է՝ 2017 թ-ի 49 հազարից 2024 թ-ին հասնելով 60 հազարի։ Մինչդեռ 2023-2024 ուսումնական տարում 145 դպրոցում ընդհանրապես շրջանավարտ չի եղել, ևս 250 դպրոց ունեցել են մեկից հինգ շրջանավարտ: Սա վկայում է կեղծ վիճակագրության և կրթական համակարգում տեղ գտած կոռուպցիայի մասին։
Դեռևս կան դեպքեր, երբ ծնողները երեխաներին հանում են դպրոցից՝ ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակի պատճառով։ Նման երեխաների թիվը վերջին յոթ տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է։ Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 42%-ը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից են, իսկ 8%-ը՝ ծայրահեղ աղքատ:
Դպրոցների վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Դպրոցական շատ հաստատություններ անմխիթար վիճակում են։ Դպրոցների 86%-ը տաք ջուր չունի։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա միայն 44%-ն է ապահովված տաք ջրով։ Կառավարությունը նշել է նույն թվերը 2019 թ-ին։ Այսինքն՝ 5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։
Վարչապետի՝ 2024 թ-ի հունվարի 20-ին Վայքում արած հայտարարությունը, թե «հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում», բացարձակ սուտ է։ Նրա օրոք փակվել է 22 դպրոց։ Կառավարության 2021 թ-ի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշումը պարունակում է «Մինչև 2026 թվականը 300 դպրոցի և 500 մանկապարտեզների հիմնանորոգման, շինարարության և վերակառուցման մասին» կետը։ 2024 թվականի օգոստոսի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցներում և 21 նախադպրոցական հաստատություններում։ Սա նշանակում է, որ խոստումը կատարվել է ընդամենը 12 %-ով։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ) զեկույցի՝ 2024 թ-ի դրությամբ Հայաստանում 1-6 տարեկան երեխաների գրեթե 70 %-ը չի հաճախում մանկական նախադպրոցական հաստատություններ (ՆԴՀ)։ Համաձայն համընդհանուր միջազգային չափանիշների՝ յուրաքանչյուր հազար բնակչին հարկավոր է 90 տեղ մանկապարտեզներում։ Օրինակ, Երևանի բնակչությունն այսօր մի փոքր գերազանցում է մեկ միլիոնի, ինչը նշանակում է, որ մայրաքաղաքում պետք է լինի առնվազն 90 հազար տեղ ՆԴՀ-ում։ Բայց փաստացի Երեւանի 162 մանկապարտեզում ընդամենը 27490 երեխա է։
Ակնհայտ է պետության անբավարար ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ։ Նախադպրոցական կրթության համակարգում մշտապես դաստիարակների կարիք կա։ Սա պետական պլանավորման թերություն է։ Հայաստանում այդ ոլորտի ծախսերը կազմում են պետական բյուջեի 3%-ից պակաս: Զարգացած երկրներում այս ցուցանիշը կազմում է առնվազն 5 %։
Եթե 2016 թ-ին բացվել է 47 նախադպրոցական հաստատություն, որից 15-ը՝ գյուղական բնակավայրերում, ապա այսօր նման հաստատությունները փակվում են։ Իշխանությունը դա պատճառաբանում է նոր՝ կասկածելի նախաձեռնություններով։ Պաշտոնյաները պատրաստվում են տեղավորել երեխաներին վճարովի ՆԴՀ-ում և գյուղական ուսումնական հաստատություններում, որոնք մեծ մասամբ հիմնանորոգման կարիք ունեն, չունեն ջրամատակարարում, հաճախ՝ նույնիսկ ջեռուցում կամ կոյուղի։ Բնակչության մեր հարցումները ցույց են տվել, որ վճարովի մանկապարտեզները ծանր բեռ են լինելու ընտանիքների 14%-ի համար։ Ընտանիքների գրեթե 10%-ը նշել է, որ երեխաների մասնավոր ՆԴՀ հաճախելը իրենց համար մատչելի չէ։
Եվս մեկ խնդիրը 0-3 տարեկան երեխաների համար նախատեսված մսուրներն են, որոնք պահանջում են հատուկ պայմաններ, այդ թվում՝ հատուկ սննդի կազմակերպում։ Գործող ՆԴՀ-ից շատերը սանիտարահիգիենիկ պայմանների առումով պիտանի չեն նորածիններին ընդունելու, էլ չենք խոսում այն մասին, որ մի շարք գյուղական համայնքներում նախադպրոցական հաստատություններ պարզապես չկան։
Նախադպրոցական կրթությունը ռազմավարական նշանակության խնդիր է։ Այն մեր երեխաների հանրային դաստիարակության և հանրակրթության անհրաժեշտ հիմք է։ Գյուղաբնակ երեխաների 22%-ը և քաղաքաբնակ երեխաների 17%-ը զրկված են այդ հնարավորությունից, ուստի նրանք չեն ստանում բավարար սոցիալականացում և հետ են մնում զարգացման միջին մակարդակից։ Սա հանգեցնում է հասարակության սոցիալական շերտավորման խորացմանը և բևեռացմանը:
Որպեսզի մեր երեխաները հաջողության հասնեն, որպեսզի վաղը երկիրն ունենա մրցունակ և բարձրորակ աշխատուժ՝ տնտեսության զարգացման համար, կառավարությունը պետք է սահմանի ճիշտ առաջնահերթություններ և հատկացնի անհրաժեշտ նյութական միջոցներ։ Այսօր կարևոր է պայմաններ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր երեխա գոնե մեկ-երկու տարվա նախադպրոցական կրթություն ստանա։
Բարձրագույն կրթության համակարգում խնդիրները պակաս չեն։ Այս մասին կխոսենք «ԲՆԱԳԻԾ» հաղորդաշարի հաջորդ թողարկմանը։
Հարկավոր է անհապաղ փոխել իրավիճակը, այսինքն՝ փոխել անգործունակ պոպուլիստական իշխանությունը։ Եթե ցանկանում եք հոգ տանել ձեր երեխաների և նրանց ապագայի մասին՝ համախմբվե՛ք «Համահայկական ճակատ» շարժման շուրջ։ Մենք ունենք իրավիճակը բարելավելու կոնկրետ առաջարկներ և շուտով դրանք կներկայացնենք հանրային քննարկմանը։