ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը:
Իր ելույթում նախարարը անդրադարձ է կատարել երեք հիմնարար ուղղությունների՝
Խաղաղություն տարածաշրջանում
«Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք չեն կարող ստեղծել պայմանագրերը։ Կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել։ Սակայն մեր լիազորություններն այստեղ ավարտվում են, իսկ մնացածը՝ իրական երկխոսությունն ու հաշտեցումը, ձեր ձեռքերում է։ Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։
Հայաստան–ԵՄ գործընկերություն
Հենց երեկ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, բայց ամենանշանակալից իրադարձություններից մեկը տեղի ունեցավ գարնանը։ Հայաստանի խորհրդարանը ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Եվ այստեղ կուզենայի ընդգծել քաղաքացիական հասարակության դերը, քանի որ օրենքը քաղաքացիական նախաձեռնություն էր և հստակ արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների ձգտումները։
Ժողովրդավարություն և դիմակայունություն
Երբ հիբրիդային սպառնալիքներին դիմակայում ենք տեղեկացվածությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ, դրանք չեն թուլացնում ժողովրդավարությունն, այլ այն դարձնում են ավելի ուժեղ և դիմակայուն։ Եվ այստեղ ես ուզում եմ դիմել այսօր հավաքված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Պետությունը չի կարող միայնակ գործել։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք լինեք մեր ժողովրդավարության իմունային համակարգը»։
Իր ելույթում նախարարը նշել է, որ այս ձևաչափում իր նախորդ ելույթից ի վեր շատ բան է փոխվել. անվտանգային իրավիճակը, խաղաղությունը տարածաշրջանում և Հայաստան–ԵՄ գործընկերության խորությունը էապես վերափոխվել են: Սակայն այս ընթացքում կա մի բան, որը չի փոխվել․ դա Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունն է ժողովրդավարական ուղուն՝ չնայած բոլոր մարտահրավերներին՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ, արտաքին միջամտություն և մանիպուլյացիաներ:




