Անվտանգության օրակարգի տեսանկյունից շատ կարևոր է համախմբվածությունը, բայց մենք հաճախ մոռացության ենք տալիս մի կարևոր հանգամանք, որ պետք է հստակ ու ճշգրտված լինի, թե ին չի շուրջ է համախմբվածությունը և ինչ նպատակ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարող են լինել արձագանքներ, թե պա՞րզ չի, թե ինչի շուրջ, ի՞նչ կա քննարկելու։ Իրականում շատ բան կա քննարկելու, հարկավոր է ձեւակերպել, թե ինչ նկատի ունենք անվտանգություն ասելով, ում և ինչի անվտանգությունը նկատի ունենք, և ինչ պարամետրերով է դա արտահայտվում։
Իմ ընկալմամբ անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթացն է։ Գուցե կարելի է ասել՝ անխոցելիության հասնելու ձգտմամբ, բայց պարզ է, որ բացարձակ անխոցելիություն չկա, անխոցելի չէր նույնիսկ Աքիլեսը և իր գարշապարը։ Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները հնարավորինս դարձնել պաշտպանված։
Հետեւաբար, խոցելիությունները նվազեցնելու մեր պատկերացումների մեջ արդյոք վերջին տարիներին բան փոխվել է, և եթե փոխվել է, ապա ինչ։ Պետք է արձանագրեմ, որ անվտանգության ապահովման և մեր խոցելիությունները նվազեցնելու մեր պատկերացումների մեջ էական հանգամանքներ են փոխվել։
Նախորդող շրջանում մեր պատկերացումը եղել է, այն, որ մեր խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը, բայց մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետով։ Առաջին մասով չաշխատեց երեք անգամ. առաջինը ՀԱՊԿ–ն արձանագրում էր, որ Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան ՀՀ–ն, և որ ՀԱՊԿ–ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք այս նախադասությանը երբեք չենք առերեսվել, մեզ թվացել է, կամ գուցե որոշակի բանաձեւեր ենք գտել ասելու, թե ինչ է նկատի առնվում ասելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։
Այն, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով ՀԱՊԿ–ը միշտ էլ նկատի է ունեցել ներառյալ ԼՂ–ն, Ռուսաստանի նախագահը վերահաստատեց 2020–ի նոյեմբերի 18–ին և դեկտեմբերի 17–ին, ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տարածքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին։ Այսինքն, անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը, Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց:
Չնայած՝ եթե մենք ուշադիր լինեինք, կարող էինք ի սկզբանե կռահել, որ չի աշխատելու, որովհետև հենց նույն Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալու համատեքստում եղան շատ հանրահռչակ, հայտնի Հայաստանում հանրության շրջանում մեծ քննարկումների առիթ դարձած տեսարանները, երկխոսությունները, բայց ժամանակի ընթացքում էլի հետաքրքրությունը մարեց»,- հայտարարեց Փաշինյանը:
«Երկրորդ դեպքը 2021–ի մայիսն էր, երրորդը՝ 2022–ի սեպտեմբերը, երբ ՀՀ–ն իր տարածքային ամբողջականության խախտման բերումով դիմեց ՀԱՊԿ–ին և ՀԱՊԿ–ի արձագանքը հետեւյալն էր, որ կարծես թե սահմանները դելիմիտացված չն, հետեւաբար, հարց է՝ արդյոք եղել է ներխուժում ՀՀ տարածք, թե ոչ։ Այստեղ է, որ արդեն անխուսափելիորեն մեր շրջանցման որևէ բանաձև չաշխատեց և մենք ստիպված էինք ուղիղ առերեսվել մի պարզ հարցի՝ արդյոք ՀԱՊԿ–ը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Բայց մենք չէինք հասցրել նույնիսկ պատասխանել այս հարցին, կամ գնալ այս հարցի պատասխանի հետեւից, երբ հանկարծ մեզ համար անսպասելի ձեւով ծագեց մի ուրիշ, թվում է՝ աներևակայելի հրց՝ իսկ մենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, թե ոչ։ Այստեղ կա քննարկելու բան։ Իհարկե, մենք ճանաչում ենք, ո՞նց կարող է երկիրն իր տարածքային ամբողջականությունը չճանաչել, բայց ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը, որը մենք ճանաչում ենք և ակնկալում ենք, որ ճանաչեն նաեւ այդ թվում ՀԱՊԿ–ի գործընկերները»,– ընդգծեց Փաշինյանը։