ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ելույթ է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Ուրախ եմ նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել երկարամյա հակամարտությունից հետո: Եվ այս գործընթացի հիմնական հիմնարար փաստաթուղթը ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթն էր՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը:
Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Թրամփի նախաձեռնությամբ, նախագահ Ալիևի հետ ընդունեցինք հռչակագիր, որում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են անցյալի հակամարտության հետ կապ չունեցող ավելի լուսավոր ապագայի ուղղությամբ կողմնորոշվելու անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ–ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի:
Մեջբերում անեմ Վաշինգտոնի հռչակագրից. «Հսկայական մարդկային տառապանք պատճառած հակամարտությունից հետո ստեղծվել են պայմաններ, որպեսզի մեր ժողովուրդները վերջապես ընտրեն բարիդրացիական հարաբերությունների ուղին՝ հիմնված միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածքներ զավթելու համար ուժի կիրառման անթույլատրելիության վրա։
Այս իրողությունը, որը երբեք չի կարող և չպետք է վերանայվի, բացում է մեր ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու ճանապարհը: Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժի ցանկացած փորձ՝ հիմա և ապագայում»։ Մեջբերման ավարտ:
Նույն հռչակագրում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներս, տարածաշրջանում և մեր հարևանության մեջ խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու համար վերահաստատեցինք երկու երկրների միջև տրանսպորտային կապերի բացման կարևորությունը՝ ներքին, երկկողմ և միջազգային երթևեկության համար՝ հիմնվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի վրա: Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ տրանսպորտային կապեր՝ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձ օգուտներով միջազգային և ներքին երթևեկության համար՝ Հայաստանի Հանրապետության համար:
Նաև նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունը կաշխատի Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ մշակելու «Թրամփ ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» կամ TRIPP տրանսպորտային նախագծի շրջանակը Հայաստանի Հանրապետության տարածքում:
TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապեր ունենալ ԱՊՀ անդամ Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ: Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը: TRIPP նախագիծը նաև բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ԱՊՀ երկրների համար:
Հարգելի գործընկերներ, Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ և այս տարվա մարտին Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնության գալ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ և ավարտել բանակցությունները նախագծի վերաբերյալ՝ այդքան դրական արդյունքով: Այս փաստաթուղթը նաև հղում է կատարում 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին: Այս համատեքստում կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ:
Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը:
Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմանները անձեռնմխելի են:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրվել է Սպիտակ տանը երկու երկրների ԱԳ նախարարի կողմից՝ ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ: Հուսով եմ և համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք նաև այս համաձայնագիրը:
Հատկանշական է, որ 2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել իրենց պատմական առաջին երկկողմ փաստաթուղթը: Սա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը ստորագրվել է երկու երկրների փոխվարչապետերի կողմից և վավերացվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավական ուժ։ Այս կանոնակարգը նաև ամրագրում է համագործակցության հիմնարար փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որպես երկու երկրների միջև միջպետական սահմանազատման հիմնական սկզբունք։
Այս սկզբունքի հիման վրա մեր երկրների միջև պետական սահմանի մոտավորապես 12 կիլոմետրանոց հատվածը սահմանազատվել է 2024 թվականին։
Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ այս ամենի մասին տեղեկացնելու հնարավորություն ունենալ, չնայած այն փաստին, որ հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռ պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր, լուծենք մարդասիրական հարցեր։ Եվ սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարատև թշնամանքի պատմությունը։
Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ հարցերը աստիճանաբար կլուծվեն։
Խաղաղության հաստատման կապակցությամբ ես ուզում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև բոլոր ԱՊՀ անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ շատ էիք ուզում, որ սա տեղի ունենար, և այդպես էլ եղավ։ Խաղաղությունն այժմ իրականություն է։ Եվ ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում իմ ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար»։




