Վաշինգթոնում փաստաթղթի ստորագրումը հաստատում է Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին դրույթը ճանաչում է, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ են հետագա գործողություններ, այսինքն՝ համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու համար»,- նշել է դիվանագետը։
Ամիրբեկովի խոսքով՝ համատեղ հռչակագրի հիմնական դրույթներից մեկը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցման կապերի ապաշրջափակման պարտավորությունն է, մասնավորապես՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնի է, համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները կօգնի կառուցել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) տարանցիկ միջանցքը։
«Իսկ TRIPP-ը հաղորդակցության ԱՄՆ հատուկ նախագիծ է, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում՝ Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- նշել է Ամիրբեկովը։
«Նաև Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ կոչը ևս մեկ կարևոր քայլ է խաղաղության և կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկի վերացման ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։