«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ

2025 թվականի փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է հայրենակիցներին՝ կոչելով անցկացնել համաժողովրդական հանրաքվե նոր Սահմանադրություն ընդունելու համար։ Սահմանադրության ընդունման բոլոր նախորդ հանրաքվեները, նրա կարծիքով, «հասարակական ընկալման մեջ ունեցել են լեգիտիմության լուրջ պակաս»։ Նրա հետ համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Չխոսենք հիմա սահմանադրական հանրաքվեների ժամանակ տեղի ունեցող խախտումների մասին։ Ինչևիցե, դրանք կայացել են, արդյունքները, այսպես ասած, ընդունվեցին, և հիմնարար Սահմանադրությունը, մինչ «որոշ» փոփոխություններ կատարելը, ստուգվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Անդրադառնանք կառավարության ղեկավարի նոր մտահղացման բովանդակությանը և «Քաղաքացիական պայմանագրի» այս նախաձեռնության դրդապատճառին։
Նախ հիշեցնեմ, որ Սահմանադրությունը պետության՝ ժողովրդի առանցքային առաջնահերթությունները, մտածելակերպն ու կամքը որոշող հիմնական օրենքն է։ Այն չի կարող փոխվել ու վերաշարադրվել՝ ի հաճույս հերթական նախագահի կամ վարչապետի։ Սակայն հիմնարար այս փաստաթղթուում պետք է արվեն հիմնավորված, քաղաքացիների շահերն արտահայտող լրացումներ ու փոփոխություններ։

Սա չպետք է ընկալել որպես ժամը մեկ կատարվող կամայական փոփոխություններ: Սահմանադրությունը ո՛չ խաղալիք է, ո՛չ սևագիր, որը կարելի է շարունակաբար շտկել։ Այն նորմերի ու կանոնների խորապես մտածված ժողովածու է, որի հիման վրա կառուցված է ներքին և արտաքին հարաբերությունների ողջ համակարգը՝ բավարարելով ժողովրդի շահերը, ապահովելով անվտանգություն, տնտեսական, քաղաքական և ռազմական երկարաժամկետ ինքնիշխանություն։ Հիմնարար այս հասկացությունները մնում են անփոփոխ՝ տասնամյակներ ու դարեր շարունակ: Հենց դրանք են որոշում պետության պատմական կայունությունը, սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ հարաճուն փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում:
Եթե Սահմանադրության ընդունման պահին Հայաստանի ժողովուրդը որոշել էր, որ այն պետք է հիմնված լինի Անկախության հռչակագրի վրա, ապա անվիճելի այս փաստը չի կարող վերանայվել, հատկապես՝ պետական հեղաշրջման արդյունքում իշխանությանը եկած, բավարար լեգիտիմություն չունեցող ղեկավարության կողմից։

Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը։ Դա վկայում են անգամ վարչապետի եվրոպացի համակարգողների կողմից անցկացրած սոցհարցումները։ Այս մասին հայտնում է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցումների մասնակիցների 59,6 % կարծում է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Եվ ընդամենը 7,5 %, այդ թվում, ըստ ամենայնի, երկրի ներկայիս ղեկավարությունը, կողմ է բոլորովին նոր Հիմնական օրենքի ընդունմանը։

Բայց կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է Սահմանադրության մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարել։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին գործող իշխանությունների կողմից ընդունված կամայական որոշումների չեղարկմանը, քանի որ այդ որոշումները բխում են ոչ թե ժողովրդի շահերից, այլ անձնական իշխանության պահպանման նպատակից։ Կարող են շտկվել նաև որոշ հուզական ձևակերպումներ, որոնց պատճառը Սահմանադրության հեղինակների ավբավարար քաղաքական փորցն է՝ երկրի անկախության կայացման պահի դրությամբ։

Պետք է արձանագրել, որ ո՛չ Անկախության հռչակագրում, ո՛չ էլ Սահմանադրության մեջ չկա հետևյալ արտահայտություն․ «Հայաստանը պետք է կատարի ողջ հայ ժողովրդի ցանկությունը, որտեղ էլ որ այն գտնվի»։ Վարչապետի համախոհը, ով հավանաբար չի կարդացել Հիմնական օրենքը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում օգտագործել է իբրև սահմանադրական այս անհեթեթ թեզը՝ արդարացնելով նոր սահմանադրություն ընդունելու կոչը։
Այսինքն՝ ներկայիս իշխանությունը հրաժարվում է Ֆրանսիայի, Սիրիայի, Թուրքիայի, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի իր ցեղակիցներից։ Սա ծայրահեղ վտանգավոր գաղափար է։ Ավելին, գործող Սահմանադրությունը (հոդված 19) չի նախատեսում Սփյուռքի հայերի իրավական պաշտպանություն։ Այս հոդվածը ճիշտ կլիներ լրացնել արտերկրում, այդ թվում՝ Թուրքիայում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ դիվանագիտական և իրավական հիմնավորված պայմաններ ստեղծելու դրույթով։

Հետաքրքիր է նաև Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մեկնաբանությունը, թե «նոր Սահմանադրությամբ երկրում կառավարման մոդելը չի փոխվելու, և Հայաստանը մնալու է խորհրդարանական հանրապետություն»։ Սա այն դեպքում, երբ՝ հարցումների համաձայն, բնակչության 78 % կարծում է, որ անհրաժեշտ է հրաժարվել խորհրդարանական կառավարման ձևից և անցնել նախագահական ձևին, ինչը հենց առաջարկում է «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը։ Ինչ վերաբերում է նոր սահմանադրության մեջ իբր ժողովրդավարական նորմերի և քաղաքացիների իրավունքների ընդլայնման մասին նախարարի հնչեցրած դրույթներին, ապա հիշեցնեմ, որ դրանք բոլորն արդեն հստակ շարադրված են գործող Սահմանադրության տեքստում, դրանք պարզապես պետք է կյանքի կոչվեն։ Տպավորություն է ստեղծվում, որ այս պաշտոնյան, ով պարտավոր է իմանա Սահմանադրությունն ու հարգել այն, նույնպես ծանոթ չէ դրա տեքստին։
Եթե անձինք, ովքեր կոչված են Սահմանադրությունն ու օրենքը պաշտպանելու, չգիտեն դրանց բովանդակությունը, ապա հետաքրքիր է, թե ի՛նչ են նրանք պատրաստվում փոխել։ Սահմանադրությունը փաստաթուղթ է, որն արտահայտում է ժողովրդի կամքը, այլ ոչ թե առանձին ապաշնորհ պաշտոնյաների ակնթարթային ցանկությունները։ Անհասկանալի է նաև, թե ինչու է վարչախումբը շտապում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունել Հիմնական օրենքի նոր՝ իրեն հարմար տարբերակը։

Փաստորեն, պատճառը միայն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումը չէ, ինչպես պնդում են Հայաստանում ընդդիմադիրներից շատերը։ Պատճառն առաջին հերթին ներքաղաքական գործոնն է և վարչախմբի՝ ամեն գնով իշխանությունը պահպանելու ցանկությունը։ Սահմանադրության առաջին հոդվածից (Անկախության հռչակագրի մասին) հրաժարվելն այս համատեքստում պարզապես հարմար պատրվակ է։ Ի դեպ, Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։
Վարչախումբն ամեն կերպ փորձում է հավատացնել ժողովրդին, որ Սահմանադրության փոփոխության գաղափարը իր յոթամյա կառավարման մեծ ձեռքբերում է։ Մինչդեռ այդքան երկար ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագրի» թիմը չկարողացավ ներկայացնել պարզ և հստակ պետական դոկտրին, որը կարտահայտեր ոչ թե «իրական», այլ իրականում գոյություն ունեցող Հայաստանի և հայկական սփյուռքի տնտեսական, տարածքային, արտաքին քաղաքական, ռազմական, քաղաքացիական ու իրավական շահերը։

Անհեթեթություն է նաև Հայաստանի վարչապետի արտահայտությունը, թե նոր Սահմանադրությունը կնպաստի ժողովրդի բարեկեցության կտրուկ բարձրացմանը։ Ժողովրդի կյանքը բարելավելուն խանգարում է ոչ թե Սահմանադրությունը, այլ անփույթ և ապաշնորհ կառուցված տնտեսությունը, որը հանգեցրել է երկրի տարեկան բյուջեն երկու անգամ գերազանցող պետական պարտքի։ Պարտքերը պետք է մարվեն, բայց իշխանությունը ծախսել է ֆինանսական միջոցներ այլ նպատակների համար։ Այստեղից են բխում բանկային, հարկային և հիփոթեքային քաղաքականության ոլորտում չմտածված քայլերը, ինչպես նաև տրանսպորտային, կոմունալ և այլ վճարումների կտրուկ աճը։

Ընդորում հայեր, ովքեր այժմ ստիպված են ապրել և աշխատել Հայստանից դուրս և որոնցից վարչախումբը փորձում է հեռու մնալ, բյուջեի համար ֆինանսական բեռ չեն հանդիսանում: Ընդհակառակը, այս մարդիկ տարեկան 3 միլիարդ դոլարից ավելի (ինչը բյուջեի ծախսերի կեսից ավելին է) չափով աջակցում են Հայաստանում աղքատության շեմից ցածր ապրող իրենց հարազատներին ու մտերիմներին՝ երկրի տգետ ու կոռումպացված կառավարման պատճառով։
Եզրափակելով՝ առաջարկում եմ ավելացնել Սահմանադրությանը նոր դրույթ, ըստ որի՝ յուրաքանչյուր պաշտոնյա և պատգամավոր, նախքան պարտականություններ կատարելու թույլտվություն ստանալը, պարտավոր է անգիր անել Հիմնական օրենքի բոլոր դրույթները և հրապարակայնորեն հանձնել համապատասխան քննություն։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան