«Մեր ձևով» շարժմանն ընդամենը երկու ամսում արդեն միացել է 12 հազար մարդ։ Շարժումը Հայաստանի վերջին տասնամյակի ամենամասսայականն է՝ անդամների թվի և ընդգրկվածության առումով: Շարժումը չնայած ապաքաղաքական է ձևով, բայց քաղաքական է բովանդակությամբ. «Մեր ձևով» շարժմանը միացած և միացող մարդիկ շարժման մեջ են տեսնում Հայաստանի փրկության և զարգացման հնարավորությունը, իրենց ու իրենց երեխաների ապագան:
Հայաստանը հազիվ է շնչում փաշինյանական իշխանության լծի տակ, այնպիսի տպավորություն է, որ երկրի շունչը ցանկացած պահի կարող է կտրվել, սիրտը՝ կանգ առնել: Միակ բանը, որ երկիրը կենդանի է պահում՝ դա հավատն է, հույսը, որ վաղն ավելի լավ է լինելու, որ փրկություն այնուամենայնիվ կա, և այդ փրկությունը չափազանց մոտ է: Սամվել Կարապետյանը գտնվում է բանտում, նա փաշինյանական ահաբեկչական իշխանության պատանդն է, բայց հազարավոր մարդիկ հենց նրա մեջ են տեսնում Հայաստանի և նաև իրենց վաղվա օրը:
Իշխանությունը վախենում է, չէ՝ սարսափում է Կարապետյանից և «Մեր ձևով» շարժումից. Սամվել Կարապետյանին, և նրա հետևորդներին դժվար է վարկաբեկել, Կարապետյանը երբևէ իշխանություն չի ունեցել, պետական բյուջեի միջոցներին հասանելիություն չի ունեցել, հասարակության գրպանը չի մտել, ուրիշի ունեցվածքի ու կարողության վրա աչք չի դրել, չի խլել ու տիրացել, նա միայն կառուցել է, անապատը և ավերակը վերածելով շեն ու գեղեցիկ կառույցների, հազարավոր մարդկանց ապահովելով աշխատատեղերով, պետական բյուջեն հարստացրել տասնյակ ու հարյուր միլիարդավոր դրամներով: Մարդիկ գիտեն, որ ընդհակառակը իշխանությունն ու իշխանավորներն աչք ունեն Սամվել Կարապետյանի ստեղծածի վրա, արդեն խլել են ՀԷՑ-ը, որ իրենց միլիոնավոր դրամների աշխատավարձ նշանակեն, իրենց մերձավորներին բարձր պաշտոնների նշանակեն, և դա անեն հասարակության հաշվին:
«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն տևական ժամանակ պահանջում է տնտեսապես հիմնավորում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար պետք է իջեցվի, այդ առաջարկն արվել է նաև այն ժամանակ, երբ ՀԷՑ-ը դեռ կառավարվում էր «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից, բայց Փաշինյանին դա ամենևին պետք չի, իրեն հնազանդ ՀԾԿՀ-ի միջոցով նա մերժում է այդ նախաձեռնությունները: Այն ժամանակ նրանք դա չարեցին, որովհետև վախենում էին, որ էլեկտարաէներգիայի սակագինը իջեցնելով՝ կտրուկ կբարձրանա Սամվել Կարապետյանի հասարակական աջակցության մակարդակը, մարդիկ սովոր են, որ ամեն ինչ թանկանում է և ոչ թե էժանանում, իսկ հիմա առավել ևս թույլ տալ չեն կարող, քանի որ էլեկտարէներգիայի բարձր սակագնից գոյացող գերշահույթը գնում է իրենց գրպանը:
Յուրաքանչյուր բանական մարդ իր մտքում համեմատում է Սամվել Կարապետյանին, և իշխող վարչախմբի ղեկավարին, և այդ համեմատության մեջ չկա մի տեղ, չկա մի դրվագ, որտեղ Սամվել Կարապետյանը նույնիսկ համեմատության եզր ունենա իշխանությունը բռնազավթածի հետ.Կարապետյանը եկեղեցիներ է վերանորոգել և շենացրել, Փաշինյանը՝ եկեղեցիներ է գրավում և պղծում, Կարապետյանը տնտեսական կառույցներ է հիմնել և մարդկանց աշխատատեղերով ապահովել, Փաշինյանը միայն հարկեր է ավելացնում և վատացնում տնտեսվարողների վիճակը, Կարապետյանը երկրի արդյունաբերականացման քաղաքականության երկարաժամկետ նախագիծ է մշակել ու ներկայացրել հասարակությանը, Փաշինյանը երկիրը թուրքացնելու`Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի արդյունաբերության և տնտեսության համար որպես սպառման շուկա դարձնելու քաղաքականությունն է առաջ տանում, Կարապետյանը արժանապատիվ ու զարգացող երկրի տեսլականն է մարմնավորում, Փաշինյանը հպատակի ու ծառայի մարմնավորումն է:
12 հազարը միայն սկզիբն է, ընտրություններին ընդառաջ այդ թիվը տասնապատկվելու է, ու դառնալու է մի շարժում, որի մեջ ներգրավված է լինելու Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ յուրաքանչյուր մարդ, յուրանքանչյուր անհատ: «Մեր ձևով»-ը վերածվում է այնպիսի շարժման, որն իր ուժով ու թափով մինչև ընտրություններ երկրում քաղաքական մթնոլորտ ու իրավիճակ է փոխելու, ստեղծելու է այնպիսի հանրային համախմբման և համերաշխության մթնոլորտ, որ իշխանությունը իր իմացած և դեռ նոր հորինվող գործիքակազմով անկարող է լինելու որևէ բան անել ինքնավերատադրության փորձը հաջողելու համար, այդ թվում ընտրություն կեղծելը:
ArmLife.am




