Հացադուլի 11 և 22 օր․ Մանե Թանդիլյանը պատմել է Ռուբեն Վարդանյանի հետ վերջին զրույցի մասին

Արդեն 11-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ վերջին անգամ զրուցել է 2023թ․ սեպտեմբերի 19-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Թանդիլյանը հուզմունքով հիշել է, որ Վարդանյանն ինքն էր զանգահարել։
«Երևանի ընտրություններից հետո էր, ասաց՝ հանկարծ չմտածես, դու քո արժեքը լավ իմացիր։ Գիտեք՝ նա 1000 անգամ կարող էր դուրս գալ Արցախից, բայց նա իր ժողովրդի մի մասնիկն էր, նա իրեն զգում էր որպես սովորական ժողովրդի մասնիկ։ Ասում էր՝ ես դուրս եմ գալու ճիշտ այնպես, ինչպես դուրս կգա մեր ժողովուրդը»,- ասում է Թանդիլյանը, ում առողջությունն ու օրգանիզմի ցուցանիշներն օրեցօր վատանում են հացադուլի հետևանքով։
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ինքն իր առողջությամբ մտահոգված չէ՞, չի՞ ցանկանում դադարեցնել հացադուլը, Թանդիլյանը հարցով պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ վիճակում է Ռուբեն Վարդանյանի առողջությունը, որն արդեն 22-րդ օրն է հացադուլի մեջ»։
«Ռուբեն Վարդանյանն իմ ավագ ընկերն է, ես նրա արժեքը հայ ժողովրդի համար շատ լավ գիտեմ, հուսով եմ` մարդիկ ի վերջո կտեսնեն ու կհասկանան` ինչ է անում նա անգամ Բաքվի բանտից հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար։ Մենք չենք կարող այսքան ապերախտ լինել, աշխարհը պիտի իմանա, որ հայ մարդը պահանջատեր է իր որդիների համար, որ չի թողնելու թշնամու բանտում»,- ասաց նա
Հիշեցնում է, որ նույնիսկ այս ծանրագույն վիճակում Բաքվի բանտից իր հղած ուղերձում Ռուբեն Վարդանյանը կրկին մարդկանց մասին է մտածում և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում անհանգստություն է պատճառել իր այս քայլով։ Թանդիլյանը հավատում է, որ աջակցության այս էներգիան հասնում է Ռուբեն Վարդանյանին, ամրացնում նրան ֆիզիկապես։
«Թեպետ հոգեպես ու բարոյապես նա մեզնից ուժեղ է, բայց ամենաուժեղ մարդն էլ աջակցության կարիք ունի։ Ուզում եմ` հայ ժողովուրդը Ռուբեն Վարդանյանի նման լինի, չլինի ապերախտ, չընդօրինակի ՀՀ իշխանություններին, որոնց համար մի փոր հացից կարևոր բան չկա։ «Որտեղ հաց, այնտեղ կաց» միտքը դարձրել են պետության կարգախոս, սա խայտառակություն է, հայ ժողովուրդն այսպիսին չի եղել ու չպիտի դառնա, թույլ չտանք այս ժամանակավոր «գաստրալյորներին» գալ ու ավերել այն, ինչ դարերով հայ ժողովուրդն է եղել»,- ասաց Թանդիլյանը։
Շեշտում է՝ յուրաքանչյուրս պիտի պահանջենք իշխանություններից անել այն քայլերը, ինչ Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը ներկայացրել էր։ Հավելում է՝ չի հավատում, թե իշխանությունները Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների վերադարձի համար ջանքեր գործադրում են։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքն էլ որոշակի ժամանակ կառավարության մաս է կազմել (2018թ․ մայիսի 12-նոյեմբերի 14՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,- խմբ․), սակայն իշխանություններից որևէ մեկն այս օրերի ընթացքում իրեն չի այցելել, հացադուլը դադարեցնելու կոչ չի արել՝ Թանդիլյանը նշեց՝ իրեն ու իր սկզբունքայնությունը լավ գիտեն, դրա համար էլ չեն գալիս։
«Նրանք լավ գիտեն, որ այստեղ չպիտի երևան, որովհետև ես իրենց դավաճանությունը չեմ ներելու, չեմ ներելու այն ամենը, ինչ կատարվեց Արցախում, այն, ինչ եղավ գերիների հետ»,- ասաց Թանդիլյանը։
Նա հավատում է, որ մարդիկ ի վերջո արթնանալու են, ու տգիտությունն այլևս չի կարողանալու հաղթել խելացի, համեստ, նրբանկատ մարդկանց։
«Գիտեք՝ լավը շատ է, ուղղակի լավը լռում է, թույլ է տալիս, որ մարտնչող տգետները թելադրեն իրենց օրակարգը, ընկճվում են, քաշվում են մի կողմ։ Չէ, այդպես չէ, մենք պետք է սկսենք լինել ագրեսիվ դրական, ագրեսիվ լավ, մենք չպիտի թույլ տանք, որ այս ամենը տեղի ունենա։ Մեր տեսակին չդավաճանելով՝ պետք է փոխենք նաև այն գործիքները, որոնցով պայքարելու ենք»- ասաց նա։
Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելուն, նշում է՝ երբ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը, ինքն էլ դա կանի։
«Պայքարելու եմ այլ ձևով, այլ միջոցներով, սա հիմա պայքարի գործիք չէ, ես հիմա չեմ պայքարում սրանով, ուղղակի խնդրում եմ, որ իմ ավագ ընկերն իր կյանքը խնայի հայրենիքի համար»,- ասաց Թանդիլյանը։