Search
Close this search box.

Գյումրու համայնքապետարանը «դատարկվում» է․ հրաժարականների տարափ է. Hraparak

Hraparak.am-ը գրում է. «Բալասանյան դաշինք»-ի ավագանու  անդամների մանդատները վայր դնելու գործընթացին մի քանի օր է՝ հաջորդել է  Գյումրու համայնքապետարանի անձնակազմի հրաժարականների տարափը։ Այսօր արդեն՝ աշխատանքային շաբաթվա ավարտին,  համայնքապետարանը դատարկված է, բալասանյանականները վերջին իրերն են հավաքում ։ Աշխատանքից հեռանում են փորձառու, 2 տասնամյակից ավել քաղաքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած մասնագետները։ Արձանագրենք, որ Գյումրու համայնքապետարանը երբեք նման կադրային փոփոխության չի ենթարկվել, աննախադեպ է, երբ աշխատանքից միանգամից ազատվում են տասնյակից ավել կարևոր պաշտոններ զբաղեցնող աշխատողներ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանության պահանջն է եղել՝ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչվել կամ առնչվում  են նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, համայնքապետարանում մնալու իրավունք չունեն ։ Ուշագրավ է, որ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատողները հրաժարվում են որևէ կերպ մեկնաբանել՝ հարկադրաբար, թե սեփական ցանկությամբ են լքում աշխատավայրը։

Նշենք, որ ազատման դիմումներ են ներկայացրել հայեցողական պաշտոն զբաղեցնող քաղաքապետի մամուլի խոսնակը, օգնականներն ու  խորհրդականները,  դիմում են  ներկայացրել նաև «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենն ու «Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի» պետը ։ Ի դեպ, նկատենք, որ նրանցից  շատերը  երկար տարիների համայնքապետարանի աշխատողներ են, բոլոր ժամանակներում էլ տարբեր պաշտոններ են զբաղեցրել՝ ստանձնելով լուրջ պատասխանատվություն։ Ինչպես համայնքապետարանի մեր աղբյուրն է վստահեցնում, հրաժարականների դիմումները շարունակվելու են, սպասվում է, որ եկող շաբաթվա վերջ աշխատանքից ազատման դիմում կներկայացնեն ևս 3 վարչության պետ եւ այլ աշխատողներ։

Նշենք, որ թիվ 31 ԸԸՀ-ն այսօր նիստ է հրավիրելու՝ «Բալասանյան դաշինք»-ի ցուցակում մնացած ավագանու մեկ թեկնածուին մանդատը տալու, մյուսները թափուր թողնելու որոշում կայացնելու համար: Ի դեպ, այդ մեկ թեկնածուն ավագանու անդամ չէ եւ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, քանի որ երկրում չէ:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ «Բալասանյան դաշինք»-ը շուրջ 12 տարի ղեկավարելուց հետո երկուշաբթի օրը պաշտոնապես հրաժարվեց քաղաքի կառավարումից: Իշխանության կողմից Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվեցին` Սամվել Բալասանյանը որոշեց քաղաքը զիջել ՔՊ-ին եւ մեկընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: