Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պնդում է՝ Գյումրիում ոստիկանները քաղաքացիներին չեն ծեծել։
«Ներքին անվտանգության ու հակակոռուպցիոն վարչության ծառայողներն իմ հանձնարարականով ուսումնասիրել են ամբողջ պրոցեսը, ծեծի դրվագ չի հայտնաբերվել, չի եղել կոնկրետ իրավիճակ, որը եղել է ոչ իրավաչափ»,-ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա՝ խոսելով Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրվա բախումների մասին։
Նրա խոսքով՝ վաղուց անցել է այն էտապը, երբ ոստիկանության ծառայողի՝ ֆիզիկական ուժի գործադրումը մեկնաբանում են ծեծ ու դրան վերագրում ոչ իրավաչափ պրոցես։
«Ոստիկանը ֆիզիկական ուժ գործադրելու իրավաչափ հնարավորություն ունի, կարող է այդ ընթացքում լինեն թերություններ, խախտումներ, բայց ֆիզիկական ուժի գործադրումը ծեծ ներկայացնելու էտապն անցել ենք»,- ասաց Սարգսյանը։
Երբ լրագրողներից մեկը ցանկանում էր նախարարին տեսանյութ ցուցադրել այդ օրվա իրադարձությունների մասին, որտեղ քաղաքացուն ասֆալտին են փռում, Արփինե Սարգսյանն ասաց. «Ես կարիք չունեմ տեսանյութ դիտարկելու, տեսանյութը կարող եք ուղարկել ՆԳՆ։ Ես բացատրեցի ֆիզիկական ուժի գործադրման և ծեծի կամ մնացյալ դրվագների տարբերությունը։ Ուղարկեք ՆԳՆ անվտանգության վարչություն, կդիտարմենք և եթե հիմքեր լինեն, անպայմանորեն վրա կհասնի քննությունը»։
Հարցին՝ եթե 3-4 կարմիրբերետավորները 18 տարեկան տղային գցում են ասֆալտին, դա կարո՞ղ է համարվել համաչափ ուժի կիրառում, նախարարն ասաց. «Ես չեմ եկել այստեղ, որ դետալային մեթոդական պրոցեսներ ներկայացնեմ ուժային միջոցների գործադրման մասով։ Կա դիմադրություն ցուցաբերող քաղաքացի, կա դիմադրություն չցուցաբերող քաղաքացի, դրանց բերման ենթարկելու և մնացյալի մեթոդաբանական հնարքները տարբեր են»։




