Այս պահին Շիրակի մարզի թեմի առաջնորդարանում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն այսօր առավոտյան ներխուժել են առաջնորդարան՝ իրականացնելու քննչական գործողություններ։ Նրանց մուտքը տեղի է ունեցել դուռը կոտրելու միջոցով, չնայած այն հանգամանքին, որ շենքում կային աշխատակիցներ, և հնարավոր էր ներս մտնել առանց բռնի մեթոդների։ Աշխատողները hraparak.am-ին ասացին, որ նրանց առաջարկել են դուռը դրսից բանալիով բացել, բայց չգիտես ինչու` հրաժարվել են։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը տվյալ պահին առաջնորդարանում չէ։ Նա արձակուրդում է։
Քննչական գործողությունները այս պահին էլ շարունակվում են։ Ներսում գտնվում են 3-4 ոստիկաններ, իսկ ոստիկանների խումբ էլ կանգնած է առաջնորդարանի մուտքի դիմաց՝ վերահսկելով տարածքը և արգելելով որևէ մեկի մուտքը ներս։ Պատգամավոր Մհեր Մելքոնյանին, փաստաբանին ևս արգելեցին ներս մտնել։
Արդեն մի քանի ժամ է՝ շենքի մուտքը փակ է, և քաղաքացիներին ու լրագրողներին թույլ չի տրվում մոտենալ։ Այս պահին գյումրեցիները հավաքվում են առաջնորդարանի առջև, խիստ տեղի զայրացած են։
Նշենք, որ սա սրբազանի շուրջ առաջին լարվածությունը չէ։ Տարիներ առաջ ևս փորձ էր արվել նրան հեռացնել Շիրակից, սակայն այդ ժամանակ Գյումրիում դա առաջացրել էր հասարակական ընդվզում։
Նշենք նաեւ, որ հունիսի 27-ին Էջմիածնում հայաստանյան բոլոր քահանաների հավաք է նախատեսվել: Եվ Միքայել Աջապահյանն էլ հայաստանյաց բոլոր քահանաների հետ այսօր այդ հավաքին է