«Գույքահարկը լատարե է»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը մերժեց Աժ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր․ «Կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ, և արդեն իսկ անտա­նելի է դարձել հատ­կա­պես անա­պա­հով խավի քաղաքացիների համար: Այսինքն, նախա­գծի ընդուն­մամբ ակնկալվում է վերաց­նել 2026 թվականի հունվարի 1-ից հեր­­թական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենս­դրա­կան դրույթը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորեց օրենքը՝ այն համարելով համայնքների զարգացման գրավական․ «Խոսել այս համակարգի դեմ, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու գյուղում պետք է տնից չկարողանաս դուրս գալ։ Մեր օրենքը նրա մասին է, որ մեր գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Այս հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու։ Համայնքները այսպես են ուժեղանում՝ ֆինանսական կարողություններ ստանալով։ Նախագծի հեղինակներին ձեռք է տալիս, որ համայնքները չունենան այդ հնարավորությունը։ Մարդկանց ցեխի մեջից հանելով՝ նրան տալիս ենք ազատություն․․․Գույքահարկը բոլոր քաղաքացիների համար լատարե է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդկերպ հավաքված գումարը ուղղվում է համայնքների զարգացմանը։