Search
Close this search box.

Գուրգեն Արսենյանը մինչև վերջերս բիզնես ուներ ՌԴ-ում․ «Հետք»

Օգոստոսի 14-ին ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը մինչեւ անցյալ տարի Ռուսաստանում բիզնեսի սեփականատեր էր, գրում է «Հետքը»։

Ըստ Արսենյանի վերջին՝ 2023 թ. տարեկան հայտարարագրի՝ նախկին պատգամավորը բաժնեմաս ուներ 8 ընկերություններում, որոնցից 7-ը հայկական են, 1-ը՝ ռուսական: Այդուհանդերձ, հայկական ընկերություններից մեկը՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ն, որտեղ Գ. Արսենյանը 51 % փայ ուներ, 2020-ին սնանկ է ճանաչվել, իսկ 2023-ի տարեվերջին սնանկության գործն ավարտվել է ընկերության լուծարումով: 2023-ի հունիսից չկա նաեւ միակ ռուսական ընկերությունը՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն, սակայն նախկին պատգամավորի 2023 թ. տարեկան հայտարարագրում չի երեւում, որ ընկերությունն այլեւս գոյություն չունի:

Գուրգեն Արսենյանը 1990-ականների վերջին ընկերություններ ուներ նաեւ ԱՄՆ-ում, որոնք, սակայն, փակվել են հարկային պարտավորությունների կատարման մեջ թերանալու պատճառով: ԱՄՆ-ը, սակայն, Արսենյանի բիզնես հետաքրքրությունների տիրույթում գտնվող միակ օտարերկրյա պետությունը չի եղել: Ինչպես նշեցինք վերեւում, նա բիզնես է ունեցել նաեւ Ռուսաստանում:

Այսպես՝ 1993-ի հունվարին Մոսկվայում հիմնադրվել է «Արս-Թրեյդ» ՍՊԸ-ն (Арс-Трейд), որի տերերը եղել են Գուրգեն Արսենյանը եւ նրա նախկին կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը: Այլեւս չգործող ընկերությունը ՌԴ ռեեստրից ջնջվել է 2006-ի օգոստոսին:

1994-ի փետրվարին էլ կրկին Մոսկվայում հիմնադրվել է «Նեֆկո» ՓԲԸ-ն (Нефко), որի ղեկավարը եղել է Գ. Արսենյանը: Այս ընկերությունը ՌԴ ռեեստրից ջնջվել է 2007-ի մարտին որպես չգործող իրավաբանական անձ:

Վերը հիշատակված «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն (Вкредит24) հիմնադրվել է 2014-ի մայիսին Մոսկվայում: Արսենյանն իր հայտարարագրում նշել է, որ ռուսական ընկերությունում 13 % փայ է գնել ընկերության ստեղծման օրը, ինչը տարօրինակ է, քանի որ այդ պարագայում նա սկզբնական հիմնադիր կլիներ: Այդուհանդերձ, ռուսական տեղեկատուների համաձայն՝ ընկերության առաջին հիմնադիրը եղել է Կորյուն Յուրիկի Գրիգորյանը, իսկ 2015-ին սեփականատերեր են դարձել Գ. Արսենյանը (13 %), Միքայել Սերգեյի Բադալյանը (34 %) եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Sync Technologies Ltd.-ն (53 %):

2023-ի հունիսին «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն ջնջվել է ՌԴ ռեեստրից, սակայն Գ. Արսենյանը 2023-ի իր տարեկան հայտարարագրում նշել է, որ տարեվերջի դրությամբ եղել է ընկերության 13 %-ի սեփականատեր: Ավելին՝ 2021-ին պատգամավոր դառնալուց առաջ Գ. Արսենյանը 400 հազ. դոլար անտոկոս փոխառություն էր տվել այս ընկերությանը. 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխառության չափն անփոփոխ էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: