Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր որոշակի վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը, չեղարկվել է:
Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պատճառն այն է, որ այլ հրատապ քննարկման հարցեր կան. «Հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնել, մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,–ասաց նա՝ հավելելով, որ լրացուցիչ կհայտնեն նիստի օրվա և ժամի մասին։
Հանձնաժողովի անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց. «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես որ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի շենքում էր գտնվում։ Նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։
Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար: ՀՀ զինված ուժերը բոլորին են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները, եթե ասում են, որ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ, ով նախագծի հեղինակն է, նշել է, թե ճիշտ հակառակն է՝ հանրային լայն շրջանակները մեծ սպասում ունեն այս նախագծից։
«Կա մեծ սպասում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից, և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչը իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետվերադարձ, բերելու է արտագաղթի կանխում և այն բոլոր դրական ցուցիչները, որոնք ես պարբերաբար նշել եմ։
Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգել, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է Հայաստանից արտագաղթ և քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթը, որ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք և այն խեղված վիճակը, որը առկա է զորակոչի համակարգում։
Հետամուտ պետք է լինենք, որպեսզի մինչև առաջիկա զորակոչի օրը, այսինքն մինչև հուլիսի սկիզբ, օրենքը ընդունվի երկու ընթերցումներով և մտնի օրինական ուժի մեջ՝ իր հետ բերելով բոլոր այն դրական հանգամանքները, որոնք ես նշել եմ»,–ասաց նա։
Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Ինչ վերաբերում է ներգաղթին, նախորդ տարի դուք օրենսդրական նախաձեռնություն հանդես եկաք, որը ընդունվեց, քրեական հետապնդումից ազատվելու, բայց թվերը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, 70 քանի հոգի է մի ամբողջ տարվա եկել»։
Հիշեցնենք, որ որոշման նախագծի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով: