Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Սեյրան Օհանյանի և մյուսների գործով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:
Ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձևակերպվել է երրորդ անձի անվամբ։ Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ Քրեական գործը դատարանում է 2023թ.-ից, շուրջ երկու տարի քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, 2025թ հունվարին որոշում է կայացրել յոթ անձի` Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Հակոբ Մարտիրոսյանի, Արմեն Հրանտի Գևորգյանի, Նորայր Կարապետյանի, Գրիգորի Խաչատուրովի, Էդգար Արշակյանի մասն անջատել և քննել առանձին վարույթով: Այս դրվագը ևս մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին:
Այսպես ասած, «մայր գործով» մեղադրյալի կարգավիճակում են «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Արտիկ Թովմասյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




