Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ընտրություններից հետո կբարձրանա, եթե հաղթանակ տանի գործող իշխանությունը։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայանի) համար նախատեսել են, ինչպես իրենք են հայտարարում, 13 միլիարդ դրամի չափով «այլ ֆինանսական եկամուտներ», սակայն մինչ այժմ չեն պարզաբանել, թե ինչ եկամուտներ են դրանք: «Մենք կասկածներ ունենք, բայց մերկապարանոց հայտարարություններ չենք անելու, թող ասեն՝ ինչքան և որտեղից են գումարները ձեռք բերելու։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա»,- նշել է Ղազինյանը:
Նա հավելեց, որ իշխանությունները խոսում են կուտակային կայաններ կառուցելու ծրագրերի մասին, և եթե դա արվի, ապա արևային կայանների տեղադրումը կրկնակի անգամ կթանկանա: Ղազինյանը նկատել է, որ 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ, իսկ 2026 թվականի ընտրություններից հետո իրավիճակն է՛լ ավելի կվատանա:




