Հարություն Բանոյանը Արցախյան ազատամարտի խիզախ մարտիկներից է եղել, ով 2020 թվականին Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի լուրն առնելուն պես ժամեր անց Հայաստանում էր։ Նա Սիրիայից էր. եկավ որպես կամավոր, մարտնչեց , անձամբ ղեկավարեց բազմաթիվ ծանր մարտական գործողություններ ու կյանքը տվեց հանուն Հայրենիքի հարատևության։Հերոսն իր հավերժական հանգրվանը գտավ Եռաբլուրում։
Հերոսի քույրը` Ալին Բանոյանը Սփյուռում ազգապահպանության գործը իրականացնող նվիրյալներից էր. նա 30 տարիների ընթացքում ուսուցչուհի ,ապա նաև տնօրեն է աշխատել Մխիթարյան վարժարանում։ Վերջերս հայրենադրձվել էր Հայրենիք` Հայաստանում հաստատվելու և հայագիտությանը նաև Հայրենիքում նվիրվելու համար։ Ինքն ունենալով կրթության ոլորտում վաստակ` եկել էր Հայրենիք և իր կրթությունն էր շարունակում ԵՊՀ֊ի Պատմության ֆակուլտետում` <Հայագիտություն> ծրագրով։ Նրա մագիստրոսական թեզը նվիրված էր լինելու Սիրիայում մեր հայկական վարժարաններին , հայապահպանության հիմնախնդիրներին ու ազգային կրթության մոդելին։ Միաժամանակ գրքերի հեղինակ էր, որոնք նվիրված են մանկավարժությանը…
Նրան երկար տարիներ ճանաչողները գիտեն, որ մենք գործ ունեինք հրաշալի հայուհու հետ։ Իսկ ես հասցրել էի նրան ճանաչել միայն այս տարվա ամռանից ու բացահայտել նրա ազգանվեր տեսակը…Ալինի հետ շփվելիս հասկանում էիր, որ միայն այդպիսի ընտանիքում կարող էր ձևավորվել Հարութ Բանոյանի պես հզոր կամավորը, ում կանչեց Արցախը, և նա Սիրիայից եկավ Հայրենիք` թշնամու դեմ կռվելու և Հայաստան-Արցախ գերակա արժեքը պաշտպանելու… Իսկ Ալին Բանոյանի ամենանվիրական իղձերից մեկը մեկընդմիշտ Հայրենիքում հաստատվելն էր` մայրիկին ու քրոջը Հայաստան տեղափոխել և այստե’ղ ` Հայաստանում կյանքի կոչել իր ծրագրերը.
— Ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ եղբորս շիրիմն է… ,- սա էր դարձել նրա կյանքի բանաձևը։
Սակայն … նրա մոտ ախտորոշեցին արյան քաղցկեղ…Տևական պայքարից հետո հնարավոր չեղավ փրկել նրա կյանքը։ Մեզանից անժամանակ հեռացավ նվիրյալ հայուհին…
…Դժվար է անարդարությունը նկարագրել բառերով…
Մենք միշտ հիշելու ենք Ալինա Պապոյանի պես հայուհուն, լուսավոր տեսակին, ով իր կյանքը նվիրել էր հայ մանուկներին…
Հասմիկ Պողոսյան




