Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով:
Դատախազի բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա հունվարի 19-ի որոշման դեմ, ըստ որի Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով: Դատախազությունը պահանջում է վերացնել այդ խափանման միջոցը եւ ընտրել կալանքը:
«Դատախազությունը գործերի 90 տոկոսով բողոքներ է ներկայացնում, երբ իրենց սրտով չի լինում: Որպես կանոն՝ վարույթ չեն ընդունում: Չեմ կարծում, որ այս բողոքն էլ վարույթ կընդունեն, քանի որ դեռ քննության փուլում է»,- «Ա1+»- ին հայտնեց Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Առաջին ատյանի դատավճռի դեմ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը: Պաշտպանական կողմը պահանջում է առաջադրված մեղադրանքում ամբողջությամբ արդարացնել, կամ քրեական գործը Դավիթ Համբարձումյանի մասով ըստ տարածքային ընդդատության ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ սահմանելով նոր քննության ծավալները:
Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարը դարձնել պետության եկամուտ:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թ հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում։





