Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2025 թվականի փետրվարի 18-ին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն էր տարածել, ի թիվս այլնի՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին. «Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը»:
Ի պատասխան այս հրապարակման՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանը Հայաստանի Հանրապետությում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ՆԳՆ ՄՔԾ) դիմելու իրավունքի մասին պատշաճ, իր համար հասկանալի լեզվով ծանուցվել է դեռևս 2023 թվականի մայիսի 21-ին, սակայն չի օգտվել այդ իրավունքից և սահմանված ժամկետում նման դիմում չի ներկայացրել համապատասխան լիազոր մարմին։
2024 թվականի հունիսի 20-ին Էմիլ Թորոսյանը ձերբակալվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից, իսկ 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնման թույլտվության մասին որոշում է կայացվել։
Վերոնշյալ որոշումը տրամադրվել է ինչպես Էմիլ Թորոսյանին՝ նրա համար հասկանալի լեզվով, այնպես էլ նրա պաշտպանին։
Հանձնման թույլտվության մասին որոշման դեմ 2024 թվականի հուլիսի 22-ին Էմիլ Թորոսյանի պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, որը 2024 թվականի օգոստոսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել է։
Վճռաբեկ դատարանի որոշմամբ փաստվել է, որ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու մասին պաշտպանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։
Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ պահանձջելով դատախազությունից դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը ՌԴ-ին: