«Գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել կամ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել»․ Արծվիկ Մինասյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
«Երբ լսում էի, մի պահ ջղայնացա, մի պահ հանգստացա, քանի որ հասկացա, որ ամենայն հավանականությամբ, իրավական տեսակետից Գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել կամ ինքը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով իրեն են վերագրվում բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն։
«2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակվել եմ Բնապահպանության նախարար և առաջին ամսվա անելիքը եղել է ոլորտի խնդիրներին ծանոթանալը այդ թվում հատուկ պահպանվող տարածքների մասով․․․«Սևան» ազգային պարկի մասով բազմաթիվ խնդիրներ, այդ թվում հողօգտագործման մասով խնդիր է դրվել, որ ունենանք համակարգային լուծում։ Իմ նախարար նշանակվելուց 1 տարի անց կառավարությունը հաստատեց «Սևան» ազգային պարկի զարգացման ծրագիր և որտեղ պետք է այս խնդիրներին լուծում տրվեր։ Սակայն, ցավոք, 2022 թվականին հունվարի 1-ից գործող Կառավարությունը դադարեցրեց էս հայեցակարգի գործողությունը։ Այս տեսակետից՝ շուրջ 4800 ապօրինի շինություններ «Սևան» ազգային պարկում, որոնք եղել են Խորհրդային տարիներից կառուցված, ներառյալ բազմաթիվ տարածքներ, օգտագործվում են պետական մակարդակով, օգտագործվում են և պատշաճ վճարում չի կատարվում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով այն բոլոր պնդումները, որ խնդրո առարկա գույքի վերաբերյալ մրցույթը եղել է ձևական, ճիշտ չէ, այն իրականացվել է ըստ գործող օրենքների և որ բնապահպանության նախարարության աշխատակիցները իրավունք չունեն պարզելու անձանց փոխկապակցվածության հարցը։ «Թմբկահարվում է, թե մրցութային փաթեում բացակայում է Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությունը, չկա նման պահանջ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ երբ գլխավոր դատախազը ասում է, որ հատուկ բնության պահպանվող տարածքների վրա արգելվում է կառուցապատումը, էլի իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք՝ ըստ միջնորդագրի․«Արծվիկ Մինասյանը

տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը,

— տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ,

— տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։