Կոռուպցիայից խոսում է մի խմբակցություն, որի ղեկավարը եղել է Երևանի քաղաքապետ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավելի է հավաքել: Գիտե՞ք՝ Հայկ Մարությանի ժամանակ այդ ոլորտից ինչքան էր հավաքվում՝ տուրքերի, վճարների տեսքով, զրո.,-սաց նա՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ելույթին, որը դժգոհություն էր հայտնում միասնական տրանսպորտային համակարգից՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը համակարգի գործարկման արդյունքում ավելի գումար է հավաքելու:
«Իսկ գիտե՞ք, օրինակ, Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները վերջին տարիներին ի՞նչ տենդենցով են աճել և առհասարակ, ձեր պատկերացմամբ, այս տրանսպորտները, որ փոխվում են, ո՞նց են արվում։ Եվ 2021 թվականին, եթե չեմ սխալվում, եղել է 33 միլիարդ դրամ, 2022-ին եղել է 39 միլիարդ դրամ, 2023-ին 61 միլիարդ դրամ և ուշադրություն՝ 25 թվականին լինելու է 90 միլիարդ դրամ։
Բա ձեր կարծիքով այս ամբողջ տրանսպորտային համակարգը, որ փոխվում է, ամեն տարի, որ հարյուրավոր ավտոբուսներ են գնում, տասնյակ տրոլեյբուսներ են գնում, ո՞նց ենք անում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հավաքված գումարները մտնում են քաղաքային բյուջե և ուղղվելու են նաև տրանսպորտի համակարգի զարգացմանը։
Ավինյանը շարունակեց. «Այո, փող կա: Ես ինչո՞ւ եմ հատուկ շինարարության ոլորտի մասին խոսում, որ 18 միլիարդ միայն այս տարի այդ ոլորտից է հավաքագրվել։ Չնայած 2021 թվականին և 2020 թվականին շատ մեծ ծավալով շինթույլտվություններ տրվել են։ Ես էլ իմ ակնարկը ձեզ կանեմ, ուրեմն, տիկին Աբգարյան։ Ես այ այդ ակնարկով ուզում եմ ասել, որ այ այդ ոլորտում այդքան գումարներ եղել են, և այդ 2024 թվականին այդ գումարները եկել, մտել են Երևան քաղաքի բյուջե և այո, ուղղվել են նաև տրանսպորտային համակարգի զարգացմանը»: