Search
Close this search box.

Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան

Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը գրել է․

«4 ամսից ավելի է՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի, իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու համար որպես գործիք օգտագործվող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի՝ սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և լավագույնս հասկանալով հոդվածի հակասահմանադրական լինելու փաստը, Սահմանադրական դատարանը խուսանավել է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով՝ նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար:

Ակնհայտ է, որ ՀՀ ՍԴ-ն, ունենալով նվազագույն իրավական հիմքեր, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը կհռչակեր սահմանադրությանը չհակասող՝ զերծ մնալով տարատեսակ կառույցների դռները թակելու եւ կարծիքներ հավաքելու գործառույթից:

Հետաքրիր է` ի՞նչ են մտածում այն դատարաններն ու հանրային մեղադրողները, որոնց անմիջական մասնակցությամբ ու թեթև ձեռքով 4 ամսից ավելի է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը նույնիսկ ՍԴ֊ի կողմից այս պահին չի հաստատվել։

Սա ևս մի ցցուն ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը այս պահին էլ մեղադրվում և կալանքի մեջ է գտնվում ապօրինի և շինծու մեղադրանքով։

Հ.Գ. Հերթական անգամ արձանագրում ենք, որ 4 տարի շարունակ Գերասիմին և իր ընկերներին ենթարկում են քաղաքական հետապնդումների` լռեցնելու և իրենց քաղաքական ճանապարհից հեռացնելու համար»։