Ամերիկյան «Agenus» ընկերությունը մեկ տարվա ընթացքում մտադիր է շուկա դուրս բերել նոր տեսակի հակաքաղցկեղային դեղամիջոց։
Այս մասին Երևանում կայացած WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն, հայազգի գործարար Գարո Արմենը։
Մի քանի տարի ընկերությունը փնտրում էր քիմիական և ճառագայթային թերապիայի այլընտրանքներ, և դրանցից լավագույնը հենց հիվանդի իմունային համակարգն է, որի հնարավորությունները, ըստ Գարո Արմենի` մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց որը կարող է հրաշքներ գործել:
Մեր իմունիտետի առաջնագծում գործում են լիմֆոցիտները՝ «մարդասպանները», որոնք ոչնչացնում են չարորակ բջիջները։ Եթե ուռուցքին հաջողվում է զարգանալ, այն պատնեշ է ստեղծում «մարդասպանների» դեմ։ Բայց իմունային համակարգը բանակի նման է. այն ունի ոչ թե մեկ, այլ բջիջների լայն շարք, որոնք պայքարում են հիվանդությունների դեմ:
Գարո Արմենի խոսքով` հետազոտությունների նպատակն է հզորացնել այդ բանակը։
«Այդ պատճառով մենք սինթեզել և սկսել ենք փորձարկել միացություններ, որոնք ընդհանուր առմամբ ակտիվացնում են իմունային համակարգը և թույլ են տալիս նրան տարբեր տեսակի ուռուցքներից «պոկել դիմակը», ճանաչել և սպանել դրանք»,– նշել է գործարարը:
Նոր դեղամիջոցի նախատիպերի փորձարկումներին մասնակցում է նաև Երևանի Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը:
«Հիվանդներից մեկը, որը համաձայնել է փորձել դեղը, Մեծ Բրիտանիայի բնակիչ է։ Նա համաձայնել է, քանի որ չի կարող սպասել ընթացակարգերին, մինչև կսկսեն իր բուժումը։ Մոտ երկու շաբաթից նա կժամանի բուժման երկրորդ կուրսին»,– նշել է նա:
Փորձարկումները սկսվել են ուռուցքային հիվանդության 4–րդ փուլում, հետագա նպատակն է անցնել ուռուցքի ավելի վաղ փուլերին։ Մինչ այժմ դեղամիջոցի նախատիպը փորձարկվել է 10 տարբեր տեսակի ուռուցքներ ունեցող ավելի քան 1000 հիվանդների վրա:
Այնուհետև ընկերությունը ցանկանում է փորձարկումների արդյունքները ներկայացնել ԱՄՆ–ի և Եվրամիության, ինչպես նաև այլ երկրների կարգավորող մարմիններին, որտեղ, հնարավոր է` շուկա դուրս գալու թույլատրող ընթացակարգերն ավելի արագ ավարտել:
«Հույս ունեմ, որ առաջիկա 6–9 ամիսներին մի շարք երկրներում մեր դեղերը հասանելի կլինեն»,– եզրափակեց Արմենը:
Նշենք, որ WCIT 2024 կոնգրեսի ընթացքում Գարո Արմենը ստացել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի» (WITSA) մրցանակը ուռուցքաբանության դեմ պայքարին նվիրված հետազոտությունների համար: