Գարեգինին կարող են ձերբակալել եւ դուրս նետել. Hraparak

Hraparak.am-ը գրում է․

2018-ի հուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Կարգալույծ եկեղեցականն դասվել էր աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով: Նշենք, որ Կորյուն աբեղա Առաքելյանն այն ժամանակ կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներից մեկն էր:

«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ նա առողջական խնդիրներ ունի՝ կուրացել է։ Սրա վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Առաքելյանից, սակայն նա հերքեց։ Խոսելով իշխանության կողմից Վեհափառի եւ եկեղեցու դեմ արշավից, ասաց․

«Եկեղեցու կամ Վեհափառի դեմ արշավ գոյություն չունի, ես 2018 թվից ասել եմ՝ մենք Վեհափառ չունենք, այդ մարդն իրեն սպառել է, այդ մարդը կեղծիքով նստել է եւ կործանում է եկեղեցին, նրան հեռացնել է պետք, այդքան բան»։

-Այն, ինչ անում է Փաշինյանը լա՞վ է անում, ճի՞շտ է անում։

-Ժամանակին պիտի աներ, ցավոք սրտի, շատ ուշացած է անում, արդեն ինքը գիտի՝ կարող է թող անի։

-Սա մեր եկեղեցու դեմ է։

-Իհարկե ոչ, եկեղեցին փրկելու համար է։

-Այս կարծիքը հայտնո՞ւմ եք, քանի որ նեղացած եք Վեհափառից, որովհետեւ ձեզ կարգալույծ է արել։

-Դուք սխալ տեղեկություն ունեք, ես այն հոգեւորականն եմ, որ Գայանեի վանահայրն եմ եղել, կարգալույծ եղած չեմ եղել, ես պայքարել եմ անարդարության դեմ, դրանից հետո ինձ կարգալույծ են արել, բայց իրենց «կարգալույծը» իրենց գլխին կպնի, ես չեմ ընդունում, մինչ օրս էլ ամեն շաբաթ-կիրակի պատարագում եմ, իմ ժողովրդի հետ տարբեր վանքերում գնում եմ ուխտերի։

-Բայց հիշում ենք, որ դուք 2018-ին կարգալույծ եք արվել եկեղեցուն անհարիր վարքագծի համար։

-Ինչ վարքագիծ, ինչ կանոնակարգ, իրենք են ամբողջ կանոնները հերքում, մերժում, ընդհակառակը՝ ես այդ կանոնը պահելու, եկեղեցու հայրերի կարգն ու կանոնը պահելու, այդ կանոնին վերադառնալու համար էի պայքարում, կոչ էի անում, որ Վեհափառից սկսած բոլորս պիտի վերջ տանք, հերիք է, կկործանենք այդ եկեղեցին ու ժողովրդին, վերանայենք մեզ, դրա համար չարացան իմ նկատմամբ։

-Միակ բանը, որ ասում են, այն է, որ կաթողիկոսը երեխա ունի, միայն սրա համար պե՞տք է նա հեռանա։

-Երեխա ունենալը փաստում է, որ նա իրավունք չունի եկեղեցում մնալու:

-Դա հաստատված չէ։

-Հաստատված է։ Մայր աթոռի ողջ միաբանությունը գիտի, ցավոք սրտի, միաբանության եւ եպիսկոպոսների 90 տոկոսը նույն կարգավիճակում են, դրա համար էլ պաշտպանում են։ Հետեւից հայհոյում, ամենավերջինը ասում, բայց բնականաբար այսպիսի պահերին էլ իրենց պահում են, որովհետեւ, եթե Գարեգինը գնաց, իրենք էլ պիտի գնան, սա է խնդիրը։

-Փաշինյանի լեքսիկոնը ընդունելի՞ է Ձեզ համար, որ սրբազաններին վերաբերող գրառումներում հայհոյախառն արտահայտություններ է անում։

-Որեւէ նման բան ընդունելի չէ, լինի վարչապետը կամ որեւէ մեկը, դա ճիշտ չի։

-Մտնել մարդու անձնական կյանք, անկողին․․․ Այն էլ երկրի ղեկավարն է դա անում։

-Անձնական կյանքի հարց չի, սա հեղինակության, պատվի հարց է․․․Նա երեք կին ունի, տղաներ ունի,․ աղջիկներ ունի, բոլորը գիտեն։

-Փաշինյանը իշխանության գալով 7 տարի անց իմացա՞վ, որ երեխա ունի Վեհափառը։

-Համոզված չեմ, որ նոր իմացավ, այսօր որոշեց, որովհետեւ շատ ծանրաբեռնված էին Կորոնայով եւ այլն եւ այլն,գուցե ժամանակին ուզում էին անել չկարողացան։ Բայց այն, որ 2018 թվականին ինքնաբուխ ամեն ինչ ձեռնարկեցինք, եւ հանուն արդարության, եկեղեցու, ոտքի կանգնեցինք՝ ժողովրդով հանդերձ, վստահաբար Փաշինյանը կանխեց, չթողեց։ Երբ ուզում էինք հավաքվեինք, ոստիկանությունը ցրում էր, չէր թողնում ցույցեր անցկացնեինք։

-Այսինքն՝ հրահանգում է իշխանությունը իրավապահներին, այն ժամանակ չէր թողնում, հիմա հրահագնում է՝ հարձակվել եկեղեցու վրա։

-Իշխանությունը մտածում էր, որ Գարեգինին վերեւից պահանջ է եղել, որ խնայել եւ այլն, տարբեր կարծիքներ կային, որ բարերարներն էին խնդրել կամ Պուտինն էր խնդրել, չգիտեմ։ Այդ ժամանակ մտածեց, որ հնարավորություն տանք, որ մարդ է կշտկվի, բայց տեսան՝ չէ, մի հատ էլ իշխանության դեմ դուրս եկավ։

-Դուք հաստատում եք այն խոսքերը, որ իրավապահներին հրահանգ է իշխանության կողմից։ Եթե 7 տարի առաջ ներվել է երեխա ունենալը ինչի՞ պիտի հիմա չներվի։

-Կարծում եմ՝ եթե Գարեգինը կամ այլ հոգեւորականներ քաղաքականության մեջ չմտնեին, չխառնվեին, ինչպես 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետությունը-եկեղեցին անջատ են․․․

-Հասարակությունն այժմ եկեղեցու կողքին է, քննադատում են Փաշինյանին այս արարքների համար։

-Ոչ, հասարակության 70 տոկոսը, Գարեգինի դեմ է, պետականության կողքին է։

-Դա 2018-ին թվին էր, որ մարդիկ Փաշինյանի կողքին էին։

-Ես համոզված եմ, որ 2018-ին Աստված թույլ տվեց մնա։ 7 տարիների ընթացքում մնաց, բայց Աստված ցույց տվեց, որ մնացել է հիմնովին ջախջախվելու եւ խայտառակվելու համար։

-Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ միջոցներով։

-Կարծում եմ՝ եթե վարչպետը որպես հայ եկեղեցու հետեւորդ, կարողանա ժողովրդին հավաքել եւ պահանջել հրաժարականը, էլ չի կարողանա մնալ։ Ես համոզված եմ, որ այդ հեղաշրջման փորձը Բագրատ Եպիսկոպոս կոչվածի գլխավորությամբ, առաջին գլուխը Գարեգինն էր, եւ ինքը համար առաջին պահանջողն էր, դրանով ինքը արդեն իսկ հոդված ունի, կարող են իրեն ձերբակալել եւ դուրս նետել։

-Ո՞ւմ եք տեսնում Գարեգին Բ-ի փոխարեն կաթողիկոս։

-Ես փոքր մարդ եմ, որ տեսնեմ, եթե եկեղեցին ազատվի նրա ճիրաններից, եպիսկոպոսներ, հոգեւորականությունը սուրբ հոգով պետք է առաջնորդվեն, եւ Աստված մեկնումեկին ցույց կտա։

-Միքայել եւ Բագրատ սրբազանների կալանքին ինչպե՞ս եք վերաբերում։

-Մեծ ցավ եմ ապրում, երկուսին շատ սիրել եմ, հարգել եմ, բայց ցավ ապրելով՝ ուրախ եմ, որ իրենք իրենց տեղում են։ Այսօրվա իշխանությունը վաղուց պիտի աներ, որ Աջապահյանը հանդես էր գալիս այդ հայտարարությամբ, այդ ժամանակ գլխին չտվեցին, ասեին՝ էս ինչեր ես խոսում, թողեցին, մեկ տարի հետո նոր են ձերբակալում։

-Հայաստանում բռնապետություն է հաստատվել, առանց հիմքերի, հրահանգների մարդկանց են կալանավորում։

-Բռնապետություն չի, բռնապետությունը նախկինում էր։ Այսօր այնքան ազատամտություն է, որ ով ինչ ուզում ասում, հաչում է, չի կարելի։

-Բռնապետություն չի՞, որ իշխանությունը դատավորներին է հրահանգում, քննչական մարմիններին:

-Չեմ կարծում, եթե բռնապետություն լիներ, Սարկավագին ինչի՞ պիտի ազատեին, դա խայտառակություն չի՞։

-Ինչպես հասկացա՝ դուք ուզում եք հոգեւորականությունը հայտնվի բանտում։

-Իհարկե ոչ, շատ լավ հոգեւորականներ կան, ամեն մեկն իր տեղում է, գիտի՝ ինչ է անում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։