Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, որոնք հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից:
Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Արդեն այսօր Մկրտիչ Սրբազանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է 1 ամսով։
Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: